1669 դիտում
14:29 16-09-2016
Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է "Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ" միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող "Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության" ծրագրի աջակից` "Մեդիկոր" հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել "Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ" կազմակերպության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար: "Շատ կարևոր է, երբ միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողական և արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք նախադպրոցական կրթության զարգացման և ներառականության տարածման ուղղությամբ, կարևոր և հեռանկարային գործընթաց է և համահունչ է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը",- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մեդիկոր հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման և նախակրթարանների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել: "Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաև մեր կազմակերպության աջակցությամբ աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը",-նշել է Ռիկուս Ջասոմետին:
Անդրադառնալով համընդհանուր ներառականության տարածման խնդրին` նախարարը նշել է, որ մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձևավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռևս թյուրըմբռնում կա: "Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին, կամ ասենք բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում",-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Այս համատեքստում նախարարը կարևորել է ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:
Հանդիպման ընթացքում "Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլի" հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու իրենց գործունեության ուղղությամբ: Նա նախարարին ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը` շեշտելով, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը: Հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները` նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:
Նմանատիպ նյութեր
2874 դիտում
22:22 06-12-2017
Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը
1207 դիտում
19:23 16-08-2022
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին