211652_close_icon
views-count1367 դիտում article-date 12:04 18-08-2022

«Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որեւէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ». փաստաբանական խմբի հայտարարությունը

Իրավական անկատարության եւ ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ  անազատության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի փաստաբանական խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մեկ շաբաթից ավել՝ 09.08.2022-ից մինչ օրս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում: Ավելին՝ հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը եւ ում կողմից:

Արհեստածին Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման հետ կապված խառնաշփոթության արդյունքում, հաշվի առնելով, որ 2022 թ. հունվարից մինչ այս պահը քրեական գործով դատաքննության փուլն այդպես էլ չի սկսվել, դատավոր Մանվել Շահվերդյանը ձեռնպահ է մնում դատական նիստ նշանակելուց, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի եւ «ՀՀ դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքի փոփոխությունների՝ իրավասու չէ այլեւս հիշյալ քրեական գործը քննելու: Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որեւէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ:

Իրավական անկատարության եւ ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ դեռ մեկ ամիս, գուցե եւ ավելի, կոպտորեն խախտելով քրեական վարույթի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության կարեւորագույն սկզբունքը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ  անազատության մեջ, ինչը կլրացնի վերջինիս անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումների շարքը»։

Նմանատիպ նյութեր