211652_close_icon
views-count821 դիտում article-date 11:06 20-08-2022

Ինչի և ում հաշվին են աճել բյուջեի մուտքերը․ «Հետք»

Հարկատեսակներից մեծ մասի գծով աճ կա, սակայն ընդհանուր աճին ամենաշատը նպաստել են շահութահարկի, ԱԱՀ-ի և պետական տուրքի գծով մուտքերը։ Աճը մեծ մասամբ ապահովել են խոշոր հարկատուները. էական դեր է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։Գրում է «Հետքը»։

Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների (ՊԵԿ) կոմիտեի տվյալները, 2022 թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե է հոսել մոտ 928 մլրդ դրամի հարկ ու տուրք։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն 23.7%-ով կամ 177.7 մլրդ դրամով աճել է։

Միևնույն ժամանակ, միայն 1000 խոշոր հարկատուների վճարած գումարները կազմել են 722.3 մլրդ դրամ, որը 33.4%-ով կամ մոտ 181 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։ Խոշորների վճարած հարկերը կազմել են բյուջեի ամբողջ հարկային մուտքերի մոտ 78%-ը։ Թեև այս համադրությունը փոքր-ինչ կոպիտ է, քանի որ հարկատեսակներից մի մասի գծով հետագայում վերադարձ է տեղի ունենում, սակայն թույլ է տալիս հասկանալ ընդհանուր իրավիճակը։ Բացի այդ, հարկատեսակներից որոշների գծով էլ համեմատությունը ճշգրիտ է, քանի որ վերադարձի խնդիր չկա, օրինակ՝ շահութահարկի։

Այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի գծով պետական բյուջե է հոսել մոտ 288 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 45 մլրդ դրամով կամ 18.8%-ով։ ԱԱՀ-ն ընդհանուր հարկերի կազմում մեծ կշիռ ունի՝ 31%: Միայն ԵՏԱՄ-ից ներմուծվող ապրանքների համար և մաքսային մարմինների կողմից հավաքագրվող գումարներն աճել են մոտ 30 մլրդ դրամով։ Միջազգային շուկաներում գրանցվող գնաճը այստեղ ազդեցություն ունի՝ որքան բարձր է ապրանքի արժեքը, այնքան մեծ են ներմուծման ժամանակ գանձվող գումարները։

Էական անկում է գրանցվել մաքսատուրքի գծով, որը հիմնականում պայմանավորված է ԵՏՄ բյուջեից՝ ԵՏՄ «ընդհանուր կաթսայից» ստացվող գումարների կրճատմամբ։ Կես տարում բյուջե է մուտքագրվել 15.5 մլրդ դրամի մաքսատուրք, որը նվազել է մոտ 27 մլրդ դրամով կամ 63.6%-ով։  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր