211652_close_icon
views-count1001 դիտում article-date 16:30 29-08-2022

Գյումրիում 3,39 մլրդ դրամի 6 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 53 ենթածրագրերով. մարզպետարան

3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը կառավարության համամասնությունն է․ 2022-ին Գյումրիում, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, կիրականացվի 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրերով։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է Գյումրու սուբվենցիոն մի շարք ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես, «Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակույթային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանականերում ընթացքի մեջ են Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի և տանիքի վերանորոգման աշխատանքները, նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 741 հազար դրամ՝ 45 տոկոս պետության համամասնությամբ։

«Գյումրու տիկնիկային թատրոնի հարցը բավական չարչրկված հարց էր, և ըստ էության, լինելով Անդրկովկասի առաջին տիկնիկային թատրոնը պետք է արձանագրեմ, որ տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել կառույցին: Այս կառույցի հետ կապված գործընթացները սկսվեցին դեռ 2019 թվականին, երբ կառավարության համապատասխան որոշմամբ տանիքի վերանորոգման համար նախագիծ պատրաստվեց։ Շատ ուրախ եմ, որ նախորդ տարվա ընթացքում համայնքը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներառել էր նաև այս կառույցը, ներկայացվել էր մարզպետարան, որը, բնականաբար, ողջունվեց մեր կողմից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ այցերի բուն նպատակը առկա և հնարավոր թերություններն արձանագրելն է, որպեսզի հենց աշխատանքների փուլում դրանք ֆիքսվեն և հնարավոր լինի արագ շտկել։

«Փաստացիորեն պատուհանների փոփոխություն չի եղել և շինարարը աշխատանքների արդյունքում ինչպես այդ խնդիրն է արձանագրել, նաև փոքր բեմի ետնապատում գտնվող որմնանկարի հետ կապված խնդիրը, այնտեղ լուծում է գտնվել, որ պետք է ևս մեկ շերտ արհեստականորեն առաջ բերել՝ պատի հատվածի խնդիրը կլուծվի, իսկ պատուհանների հարցին մարզպետարանի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրվել, կամ նախագծային փոփոխություն կնախատեսենք, կամ ինչ-որ այլ միջոց, որի արդյունքում կատարված աշխատանքն կունենա լիարժեք արդյունք: Եվս մեկ խնդիր ենք արձանագրել՝ աստիճանավանդակների նեղության հարցը, որը հակահրդեհային առումով կարող է խնդիրներ առաջացնել, տեսնենք ինչպիսի լուծումներ կունենանք այս հարցում: Հակառակ դեպքում ստացվում է, որ աշխատանք է իրականացվում և հետո ինչ-որ թերացումների պատճառով խնդիրներ ենք ունենում և արածը ջուրն է լցվում»,- նշել է մարզպետը։

Սուբվենցիոն ծրագրով կնորոգվի նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» փայտե պատշգամբը, մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքները դեռ չեն մեկնարկել, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքների իրականացում։

Մարզային իշխանությունները հետևել են նաև փողոցաշինական աշխատանքներին։

«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 998 մլն 646 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում են 5 ընկերությունների կողմից։

«Պետք է ասել, որ տեմպերի առումով այս պահին Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները 2022 թվականի ես բավարար եմ գնահատում, չնայած ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից դեռ ունենք անավարտ ծրագրեր, որի մասով պետք է հետևողական լինենք»,- կարևորել է Նազելի Բաղդասարյանը և նշել, որ հետևողականություն կցուցաբերվի բոլոր համայնքների ու բոլոր ծրագրերի նկատմամբ։ Անորակ աշխատանք ու ձգձգումներն անընդունելի են լինելու։ Արդեն մեկնարկել է նաև 2023թ-ի հայտերի ընդունման գործընթացը։ Ըստ մարզպետի, սա ևս մեկ քայլ առաջ է, որովհետև ծրագրային փաթեթները ընդունելուց հետո, հունվար ամսից արդեն հնարավոր կլինի մրցույթների իրականացումը, իսկ շինաշխատանքներն ամբողջ ծավալով ավելի վաղ կմեկնարկեն:

Նմանատիպ նյութեր