Բա որ Հադրութի դպրոցի վրա սնարյադներ էին ընկնում, ինչի՞ եք երեխեքին ասել՝ ներս մտեք. զոհվածի հարազատը՝ վկային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով վկա Հայկազ Գրիգորյանը հայտնեց, որ ինքը հրաման չի տվել զինծառայողներին՝ Հադրութի դպրոցի շենք մտնելու մասին։
Զոհված զինծառայողի հարազատը հարց ուղղեց վկային՝ արդյո՞ք ինքը հոկտեմբերի 7-ին Հադրութի դպրոցում է եղել, վկան պատասխանեց, որ այդ օրը եղել է գերեզմաններում։
Հարցին՝ դպրոցը հարձակման ենթարկվե՞լ է, վկան պատասխանեց. «Դպրոցի վրա շատ է սնարյադներ ընկել»։
«Որ դպրոցի վրա շատ է ընկել սնարյադներ, ինչի՞ էիք երեխեքին ասում՝ ներս մտեք»,- վրդովված ասաց զոհվածի հարազատը։
Դատավորի ճշտող հարցին՝ զինծառայողներին տրվե՞լ է հրաման դպրոց մտնելու մասին, վկան պատասխանեց՝ ոչ։
Ըստ մեղադրանքի՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:
Այսպես՝ Իշխան Արմենի Վահանյանը ՊԲ համապատասխան զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հիշյալ հրամանի հիման վրա՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել՝ անցնելով պաշտպանության:
2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման վերը նշված դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը, հանդիսանալով հիշյալ մարտական դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասի 5-րդ գումարտակի անձնակազմի անմիջական պետը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 73-րդ, 78-րդ, 85-րդ, 129-րդ եւ 130-րդ հոդվածների համաձայն՝ պարտավոր լինելով հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության 2-րդ մասի 45-47-րդ եւ 76-րդկետերի համաձայն՝ պարտավոր լինելով նաեւ սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում եւ խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, նույն կանոնադրության 2-րդ մասի 119-122-րդ, 179-180-րդ հոդվածների համաձայն՝ պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն եւ շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ստորաբաժանման նահանջը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր դասելով ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսելով իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը, չի կատարել վերը նշված իրավական ակտերով սահմանված պարտականությունները եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը եւ, պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը:
Իշխան Վահանյանի կողմից դրսեւորված իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես՝ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:
Այսինքն՝ Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: