211652_close_icon
views-count878 դիտում article-date 18:28 07-09-2022

«STARMUS VI» փառատոնի շրջանակում Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխը ՀՀ ԳԱԱ-ում հանդես է եկել դասախոսությամբ

«STARMUS VI» գիտությանարվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 7-ին հյուրընկալեց Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Մեր հյուրն է Նոբելյան մրցանակակիր, ամբողջ աշխարհում հայտնի գիտնական, ում հետազոտության ոլորտը մոտ է մեր ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների հետաքրքրությունների շրջանակներին», - ասաց Աշոտ Սաղյանը և ներկայացրեց պրոֆեսոր Քըրթ Վյութրիխի անցած գիտական ուղին:
 
Քըրթ Վյութրիխը հանդես եկավ ելույթով: Նա ներկայացրեց գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձը: Դիմելով երիտասարդ գիտնականներին՝ Քըրթ Վյութրիխն ասաց. «Եթե դուք ուզում եք նկատելի լինել, եթե ուզում եք ինչ-որ մի բան ղեկավարել գիտության ոլորտում, պետք է լսեք խորհուրդներ և շատ-շատ աշխատեք մեծ խնդիրների վրա: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց կրթությունը ստանան լավ համալսարաններում, երիտասարդ գիտնականները խրախուսվեն և առաջնորդեն գիտությունը, հանդիպեն այն գիտնականներին, ովքեր կարողանում են աշխատել մեծ խնդիրների վրա և իրենց ուսանողներին էլ են դա սովորեցնում:
 
Ես մարզիկ էի, գիտությունն ինձ համար երեկոյան զբաղմունք էր, և ես երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ: Գիտության մեջ դու աշխատում ես և հանկարծ հայտնաբերում ինչ-որ մի բան: Ճանաչումը կարող է տևել 20 տարի և ավելի: Հետո միայն կարող են որոշել, դա արժանի է Նոբելյան մրցանակի, թե՝ ոչ: Երիտասարդ գիտնականները պետք է հասկանան, որ հաջողությունը միանգամից չի լինում, դա շատ դժվար աշխատանք է:

Դու չես կարող վստահ լինել, որ Նոբելյան կոմիտեն քեզ կհավատա: Պետք են տարիներ, որպեսզի հաստատվեն քո ուսումնասիրությունները: Դուք պետք է շատ աշխատեք, թեպետ Ձեր ընտանիքն այնքան էլ երջանիկ չի լինում դրանից: Նոբելյան մրցանակ ստանալիս ինձ հետ էր իմ կինը, և դա փոխհատուցումն էր այն դժվար կյանքի, որը նա տեսել է, որովհետև ես անընդհատ լինում էի աշխատավայրում»,- ասաց նա:

Քըրթ Վյութրիխը կարևորեց հիմնարար գիտական հետազոտությունների նշանակությունը ցանկացած կիրառական արդյունքի ստացման համար: Նա նշեց, որ, օրինակ, 
COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստացման աշխատանքները հիմնված են մի քանի տասնամյակ տևած հիմնարար հետազոտությունների վրա: Նոբելյան մրցանակակիրը խոսեց նաև իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի, պրիոնների մասին: Այնուհետև ծավալվեց հարց ու պատասխան:
 
Քըրթ Վյութրիխը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեյցարիայի Աարբերգ համայնքում: Հիմնական կրթությունը ստացել է Բեռնի համալսարանում՝ մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում։ Նա իր գիտական հետազոտությունները կատարել է աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում: 

Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտական​​շրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով: Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև մարդկանց համար։ Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը:  Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և
 հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր