211652_close_icon
views-count827 դիտում article-date 15:36 12-09-2022

Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու եւ լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով Կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել եւ իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած «2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագիծը:

Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման եւ ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը:

Ըստ Աշոտ Մուրադյանի՝ ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան աջակցել քաղաքացիական ծառայության, հարկային վարչարարության համակարգերի արդիականացմանը, ներդնել կիբեռանվտանգության եւ հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն:

Հանրային ծառայությունների լայն շրջանակի արդիականացման արդյունքում նախատեսվում է մեծացնել մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետությունը եւ հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար՝ նպաստելով ներառական տնտեսական աճի ապահովմանը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խնդրանքով Աշոտ Մուրադյանը հանգամանորեն ներկայացրել է  ՊԵԿ-ում իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ ՊԵԿ-ին հատկացվող  գումարն ամենամեծը կլինի, քանի որ ծավալուն նախագծեր են առաջարկվել: Առաջին ուղղությունը բջջային հավելվածների զարգացումն է հարկային եւ մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում: Մաքսային եւ հարկային վարչարարության բնագավառում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում: Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունների արդյունքում հարկ վճարողների կողմից ստացել են բջջային հավելվածների կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող առաջարկություններ: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է 2018 թ. ներդրված Հարկերի միասնական հաշիվ ծրագրի արդիականացման երկրորդ փուլի իրականացումը: Մյուս ուղղությունը ֆիզիկական անձանց համար  համապատասխան բջջային եւ ինտերնետային հավելվածների միջոցով համապատասխան գրասենյակների ձեւավորումն է, որի արդյունքում կկարողանան էլեկտրոնային ծառայությունների ամբողջ սպեկտորը ստանալ այդ հարթակի միջոցով:

Նախագծով հարկային բարեփոխումների շրջանակում կիրականացվի  դյուրացված հարկային վարչարարություն:

Վարկային համաձայնության շրջանակում Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրով մեկնարկել է քրեկան գործի վարման թվայնացման գործընթացը, որն այս տարի կավարտվի, իսկ ծրագրի 4-րդ փուլով նախատեսվում է իրականացնել դատարանների հետ աշխատանքի եւ դատական գործընթացի փաստաթղթերի թվայնացումն ու ինտեգրումը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի ներկայացմամբ՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացության է տվել օրենքի նախագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման եւ կենտրոնական կառավարման շուրջ 400 ծառայություն նախատեսվում է հավաքել մեկ ընդհանուր հարթակում: Նախատեսվում են նույնականացման ժամանակակից՝ առավել դյուրին մեթոդներ:

Նմանատիպ նյութեր