211652_close_icon
views-count1919 դիտում article-date 10:19 15-09-2022

Արթուր Ալեքսանյան․ Պետք է համախմբված լինենք, մեր հայրենիքը մենք պետք է պահենք. news.am

Եզրափակիչից հետո չհասցրեցի ուրախանալ իմ հաղթանակով՝ տեղեկանալով, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին: Այս հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին եւ այս քանի օրը հայրենիքի համար նահատակված հերոսներին: Պետք է համախմբված լինենք, մեր հայրենիքը մենք պետք է պահենք:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայում ասաց աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր. Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը նախորդ գիշեր թիմի հետ վերադարձել է հայրենիք:

Սեպտեմբերի 12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում չորրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: 97 կգ քաշայինների եզրափակիչում 30-ամյա գյումրեցի ըմբիշը 5:1 հաշվով հաղթեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովին:

«Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, կարելի է ասել, չհասցրեցի ուրախալ իմ հաղթանակով: Իմացանք, թե ինչ է կատարվում մեր երկրում, սահմաններում: Այս իրավիճակում հաղթանակները մեծ նշանակություն ունեն: Բոլորս մեր բնագավառներում պետք է հայրենիքի պատիվը բարձր պահենք, հայրենիքի ներսում պետք է բոլորս համախմբված լինենք: Մեր հայրենիքը մենք պետք է պահենք:

Բելգրադի մրցագորգում ինձ շատ լավ էի զգում: Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ վնասվածքներ եմ ստացել, անցած տարի Օլիմպիական խաղերի ժամանակ էլ վնասվածք էի ստացել եւ դրանց ապաքինումը երկար ժամանակ պահանջեց: Այժմ էլ սուտ կլինի ասել, թե լիարժեք ապաքինվել եմ, վնասվածքներ չունեմ, բայց այս անգամ շատ չխանգարեցին եւ հասա իմ նպատակին:

4 գոտեմարտ անցկացրի: Չեմ կարող որեւէ մեկն առանձնացնել: Աշխարհի առաջնություն էր. հաղթանակի, չեմպիոն դառնալու ճանապարհին բոլոր գոտեմարտերն էլ կարեւոր են: Կարող եմ առանձնացնել կիսաեզրափակիչ գոտեմարտս, որտեղ մրցում էի Եվրոպայի գործող չեմպիոն, իրանցի Սարավիի հետ, նաեւ եզրափակիչն աշխարհի փոխչեմպիոն բուլղարացի Միլովի հետ բարդ տրվեց: Նա իմ հիմնական մրցակիցներից է:

Ես իմ հաղթանակները միշտ նվիրել եմ մեր զինվորներին, իմ հայրենիքին: Այս հաղթանակս էլ նվիրում եմ մեր բոլոր զինվորներին եւ այս քանի օրը հայրենիքի համար նահատակված հերոսներին»,- ասաց Արթուր Ալեքսանյանը: 

Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր