211652_close_icon
views-count1570 դիտում article-date 18:44 15-09-2022

Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ  սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը:

Արթուր Դավթյանը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանում իրավական պետության կայացման ընթացքը կլինի անշեղ և արդյունավետ: 

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ անցած 6 տարիների ընթացքում համատեղ գործունեության, հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում ներքին անվտանգային և իրավական կայունության ապահովման հարցում ցուցաբերած հաստատակամության համար և մաղթել հետագա հաջողություններ:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին նախընթաց տարիներին համակարգում իր աշխատանքային գործունեության, պետությանը մատուցած ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ: 

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անցել է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:
 
 

Նմանատիպ նյութեր