211652_close_icon
views-count1193 դիտում article-date 23:30 16-09-2022

«Շատ դժգոհ ենք, հետեւություններ ենք անելու». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

News.am-ը գրում է. ՀԱՊԿ-ից շատ դժգոհ ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք շատ դժգոհ ենք, այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Մենք շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչը նախատեսված է։ Մենք դրանից հետեւություններ ենք անելու եւ անում ենք։ Մենք հիմա էլ ենք սպասում։ Պատկերացրեք, մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, մենք դրանով առնվազն կարող ենք հարվածել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ դա նաեւ ուղիղ հարաբերություն է Ռուսաստանի Դաշնության հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եվ մենք ունենք Ռուսաստանի հետ փոխօգնության պայմանագիր։ Մեր ռուս գործընկերներից նույնպես ակնկալում ենք շատ ավելի շոշափելի քայլեր ոչ թե հայտարարությունների մակարդակով կամ կցկտուր ինչ-որ կիսատ խոսքերի մակարդակով։ Ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը օրինակ՝ ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ որ Հայաստանի ղեկավարության հանդեպ հնչում են սադրիչ հայտարարություններ։ Անկեղծ չենք հասկանում, թե ինչ մարտավարություն է»։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ առաջիկայում Հայաստան այցելությանը, ԱԺ նախագահն ասաց, որ իր հրավերով է նա գալիս Հայաստան.

«Դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը գոյություն ունի Հայաստանում։ Նրա այցելությունը Հայաստան Հանրապետությունում շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով։ Մենք մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք անվտանգության հնարավորինս մեծ երաշխիքներ»։

Հարցին, թե ինչ է ակնկալվում Փելոսիի այցից, Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանն իր բոլոր գործընկերներից ակնկալում է անվտանգության հնարավորինս մեծ երաշխիքներ։ «Այսօր մեր թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է և մեր բոլոր շփումներն առաջնահերթ դրա մասին են»,– ասաց նա։

 

Նմանատիպ նյութեր