211652_close_icon
views-count1232 դիտում article-date 11:13 01-10-2022

Ջրածնային էներգետիկայի ապագան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ջրածինը էներգիայի իդեալական աղբյուր է եւ էկոլոգիապես մաքուր վառելիք: Նրա այրման ջերմությունը (1.17 ԳՋոուլ / կգ) գրեթե երեք անգամ գերազանցում է նավթին եւ չորս անգամ ածխին կամ բնական գազին: 2018 թ. աշխարհում ջրածնի սպառումը կազմել է մոտ 74 միլիոն տոննա: Մինչեւ 2030 թ. դրա տարեկան պահանջարկը կարող է աճել մինչեւ 100-114 միլիոն տոննայի՝ մոտ 2 դոլար/կգ արտադրական արժեքով: Մինչեւ 2050 թ. ջրածինը կկազմի աշխարհի էներգետիկ կարիքների 18 տոկոսը:

2019 թ. ջրածնային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների թիվը կազմեց 25000 մեքենա, իսկ ավելի քան 12000-ը՝ վերջին տարվա ընթացքում: Այս ոլորտի առաջատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը: Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին աղբատար մեքենայի փորձարկումները։ 5 տոննա բեռնատարողությամբ մեքենան մշակվում է 2017-ից յոթ պետական եւ մասնավոր ձեռնարկությունների, այդ թվում՝ «Hyundai Motors» ընկերության մասնակցությամբ: Նախագծի արժեքը 9.2 մլն դոլար է: Ջրածնային վառելիքի կիրառումը թույլ է տալիս վերացնել վտանգավոր գազերի արտանետումներն ու նվազեցնել մեքենայի աշխատանքի ժամանակ աղմուկը: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 350 կմ ճանապարհ:

Ջրածնային էներգիան նպաստում է ոչ միայն նոր էկոլոգիապես ընդունելի աղբյուրի զարգացմանը, այլեւ խթան է ավանդական վառելիքի ավելի արդյունավետ օգտագործման հասնելու, օգտագործված շարժիչների արդյունավետության բարձրացման եւ վառելիքի բնապահպանական անվտանգության բարձր աստիճանի ապահովման համար: Միեւնույն ժամանակ, էլեկտրակայանների վառարաններում, մեքենաների եւ այլ տրանսպորտային միջոցների շարժիչներում ջրածնի էկոլոգիապես ընդունելի օգտագործման ճանապարհին կան զգալի «խոչընդոտներ»:

Ջրածնի այրման ջերմաստիճանը թթվածնի մթնոլորտում կարող է գերազանցել 2800 աստիճանը (հազար աստիճանով բարձր, քան մեթանի այրման ջերմաստիճանը): Այս ջերմաստիճանը բնորոշ է ինքնաթիռներին եւ հրթիռային շարժիչներին: Այն կպահանջի ջերմակայուն մետաղների օգտագործում ջրածնային վառարանների կառուցման ժամանակ: Ըստ աստղաֆիզիկոսների՝ ջրածինը կազմում է տիեզերքի զանգվածի 99 տոկոսը, իսկ արեգակի մթնոլորտում ջրածնի քաշային բաժինը գերազանցում է 90 տոկոսը: Ընդ որում՝ այսօր գործնականում օգտագործվող ամբողջ ջրածինն արտադրվում է միայն արտադրական (արհեստական) մեթոդով:

Ճապոնիան առաջին երկիրն էր, որը ձեւակերպեց ջրածնի իր ազգային ռազմավարությունը 2017 թ.: 2019-ին այստեղ ընդունվեց ջրածնի եւ վառելիքի բջիջների ռազմավարական ճանապարհային քարտեզը: 2019 թ. Կորեայի Հանրապետությունը բացահայտեց ջրածնի զարգացման ռազմավարական ծրագրերը: Ջրածնի օգտագործման ռազմավարական հեռանկարները մեծապես կապված են ցածր ածխածնային ջրածնի էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Ճապոնիայում «Mitsubishi Hitachi Power Systems»-ը մի քանի տարի առաջ հաջողությամբ փորձարկեց բարձր հզորությամբ գազատուրբինը իր էլեկտրակայաններից մեկում՝ բնական գազի մոտ  30 տոկոսը փոխարինելով ջրածնով: Ելքի գազի ջերմաստիճանը մոտ 1600 աստիճան էր: Հին ավանդական սարքավորումները դիմակայեցին նման բեռին: Ընկերության հանձնարարականում նշվում է, որ 80 տոկոս բնական գազի եւ 20 տոկոս ջրածնի վառելիքի խառնուրդի օգտագործումը տնտեսապես եւ էկոլոգիապես ընդունելի է:

2018 թ. ճապոնական «Kawasaki Heavy Industries» եւ «Obayashi» ընկերությունները տուրբինի կարճաժամկետ փորձարկումներ կատարեցին: Արդյունքում՝ Կոբեում գտնվող ՋԷԿ-ը, որը պատկանում է ընկերությունների կոնսորցիումին, անցավ ջրածնի եւ բնական գազի խառնուրդի շահագործմանը` 20 տոկոս եւ 80 տոկոս հարաբերակցությամբ: Գազով աշխատող ՋԷԿ-ի վառելիքի խառնուրդին ջրածնի ավելացման փորձեր են կատարվում ոչ միայն Ճապոնիայում: Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում եւ Նոր Զելանդիայում վառելիքի մեջ խառնված ջրածնի մասնաբաժինը կազմում է 0.1 տոկոս, Գերմանիայում`10 տոկոս, Նիդեռլանդներում` 12 տոկոս:

Ջրածնային էներգիայի օգտագործման միջազգային փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ՀՀ-ի համար կազմել «Ջրածնային էներգիայի օգտագործման մինչեւ 2040 թ. ռազմավարություն»: Տեխնիկական բուհերում եւ քոլեջներում մտցնել «Ջրածնային էներգետիկա» առարկան: Ունենալ դասագիրք: Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երի համար կատարել գիտական ուսումնասիրություն վերը նշված հարցերի վերաբերյալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր