211652_close_icon
views-count1222 դիտում article-date 21:01 04-10-2022

Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը, որոնք ցույց կտան մեր միակամությունը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:

Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:

Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունը նշել է. «Գիտեք, որ 2019 թվականին կառավարությունն առավելագույնս աջակցել է համահայկական խաղերի կազմակերպմանը և հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Մեր նպատակն է, որ համահայկական ամեն հաջորդ խաղերը լինեն ավելի լավը, ավելի որակով և ավելի կազմակերպված: Այդ պատճառով կառավարության անդամները և Վարչապետի աշխատակազմը սերտ համագործակցությամբ ամեն ինչ կանեն բոլոր խնդիրները հարթելու, լուծելու, մեր գործընկերների հետ շփվելու, առաջ գնալու համար»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև խոսել է մարզական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին և ընդգծել. «Մենք հաջորդ խաղերին շատ ավելի լավ մարզադաշտեր, մարզադահլիճներ կունենանք: Գիտեք, որ կառավարությունը բավականին մեծ ներդրում է կատարել մարզական ենթակառուցվածքներում: Մարզահամերգային համալիրն այս պահին մի քանի դահլիճներով և ենթակառուցվածքներով արդեն կարող է բազմաթիվ մրցումներ ընդունել և հաջորդ ամառ մենք ակտիվ կներգրավենք մարզահամերգային համալիրը: Այլ դահլիճներ, որոնք նախկինում ներգրավված են եղել, նույնպես խաղերի ժամանակ կօգտագործվեն»:

Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ միասին հնարավոր կլինի լավագույնս  կազմակերպել և նախանշված հանգրվանին հասցնել համահայկական խաղերը. «Ուզում եմ ասել, որ մենք միտված ենք աշխատանքի և չենք պատրաստվում նույնիսկ ամենածանր պահերին շեղվել այս աշխատանքից, որովհետև մեր հակառակորդները, թշնամիները, մրցակիցները նպատակ ունեն մեզ մեր զարգացման ճանապարհից շեղել: Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը և իրադարձությունը, որոնք ցույց կտան մեր միակամությունը և այն, որ զարգացման բոլոր ուղղությունները, որ ունենք և այն իրադարձությունները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժվարություններով հանդերձ»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է Երևանում այս տարի անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը մասնագետների կարծիքով՝ մինչ այժմ կազմակերպվածների մեջ լավագույնն է եղել: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջորդ տարի՝ ապրիլի 15-23-ը, Երևանում կայանալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: «Մենք կուզեինք, որ Սփյուռքի մեր գործընկերներն օգնեն մեր մարզասերներին Հայաստան բերելու առումով: Վստահ եմ, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները մասնակցելու են, և եթե մեր սփյուռքահայերը գան, ակտիվ մասնակցեն, դա և՛ դիտարժանության, և՛ տեսանելիության առումով բավականին լավ կլինի, և մրցումներն ավելի հետաքրքիր կանցնեն»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: 

Նմանատիպ նյութեր