211652_close_icon
views-count1565 դիտում article-date 11:21 11-10-2022

Նրանք «վաճառում են» թշնամանք և պառակտում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բրիտանական հանրահայտ “Peaky blinders” սերիալում մեկը հարցնում է գլխավոր հերոսին՝ այդ ի՞նչ նախընտրական ցուցակ է, որտեղ կոմունիստի անունը հայտնվել է բուքմեյքերի անվան կողքին: Պատասխանը հետեւյալն է՝ գուցե դա այն մարդկանց ցուցակն է, որոնք աղքատների մեջ կեղծ հույսեր են արթնացնում:

Իսկապես որ՝ կոմունիստներն ու բուքմեյքերները աղքատներին առաջարկում են հարստանալու հեշտ տարբերակներ: Առաջին դեպքում՝ հարուստներից գումարներ խլելու, իսկ երկրորդ դեպքում՝ պարզապես մոլախաղի միջոցով: Ընդ որում, առաջին տարբերակն առաջարկում են ոչ միայն կոմունիստները: Ցանկացած պահի, երբ նկատվում է հասարակության լյումպենացում (ոչ միայն աղքատացում, այլեւ արժեքային կողմնորոշիչների կորուստ), հայտնվում են ուժեր, որոնք կարողանում են խաղարկել այդ տրամադրությունները: Նման «քաղաքական ապրանքը», սակայն, արագ է փչանում: Զանգվածները դեռեւս ոչ մի տեղ հեղափոխությունների միջոցով չեն հարստացել: Եվ դա շատ արագ պարզվում է:

Հետեւաբար, պետք է փոխվի ապրանքի փաթեթավորումը, բայց ոչ՝ էությունը: Ի՞նչ են ժամանակակից Հայաստանում փորձում վաճառել քաղաքական ուժերը: Նրանք այլեւս չեն կարող հարստանալու հույսեր արթնացնել, որովհետեւ այդ հեքիաթին այլեւս ոչ ոք չի հավատա: Ուստի նրանք «վաճառում են» թշնամանք եւ պառակտում:

Երբ վարչապետը հայտնվում է Ազգային ժողովի առջեւ, արդյոք նա ասո՞ւմ է՝ սիրելի ժողովուրդ, ներկաներ եւ նախկիններ, իշխանություն եւ ընդդիմություն, հայաստանցիներ, արցախցիներ եւ սփյուռքահայեր, մեր պետությունը կանգնած է կործանման եզրին, եկեք մեր տարաձայնությունները ժամանակավորապես մոռանանք եւ տեսնենք, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրս, որպեսզի այդ վերջնական աղետը տեղի չունենա: Բայց վարչապետն այդպես չի վարվում: Նա մոտենում է ԱԺ ամբիոնին՝ հերթական սկանդալը սարքելու, փոխադարձ անվստահության եւ վիրավորանքների մթնոլորտը բորբոքելու համար: Եվ այդ նպատակով նա պարտադիր խոսում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին: 

Իսկ ո՞րն է Փաշինյանի քարոզիչների թեման: Վերոնշյալ նույն երկու անձինք՝ գումարած «ռուսաստրուկների» հասցեին հայհոյանքները:

Իսկ ինչի՞ մասին են խոսում Փաշինյանի հակառակորդները՝ դավաճանների եւ հողատուների:

Նման կրքերի բորբոքումը, թեեւ լյումպենացված զանգվածներին հարստանալու հույսեր չի տալիս, բայց նրանց պարգեւում է հոգեկան բավարարվածություն, որն, ինչ որ չափով փոխարինում է նրանց «սննդին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր