Դեսպան Ներսեսյանը Քինգս քոլեջում ներկայացրել է Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերները
Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Քեմբրիջի համալսարան, որտեղ ելույթով հանդես է եկել Քինգս քոլեջի քաղաքական քննարկումների ակումբում:
Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից:
Իր խոսքում դեսպան Վ.Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անվտանգության արդի մարտահրավերները` ընդգծելով, որ Ադրբեջանի մշտական սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Նա մանրամասն ներկայացրել է ՀՀ դեմ դեմ վերջին շրջանում ծավալված մեծածավալ ագրեսիայի հետևանքները, որի արդյունքում հարյուրավոր զոհեր են եղել և առանց տարբերակման թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս համատեքստում, նա ընդգծեց Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:
Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը գործող միջազգային մեխանիզմների շրջանակներում կարգավորելու կապակցությամբ, որոնք պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները։
Դեսպանն ընդգծեց Ադրբեջանում անօրինական կերպով պահվող տասնյակ հայ ռազմագերիներին անհապաղորեն ազատ արձակելու անհրաժեշտությունը, որոնք արդեն երկու տարի պահվում են այդ երկրում, ի խախտումն Նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարության։ Նա հավելեց, որ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանություններն ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հանդիսանում պատերազմական հանցագործություն եւ պետք է անվերապահորեն պատժվեն:
Դեսպան Ներսեսյանն ավարտեց իր ելույթը շնորհակալություն հայտնելով Քինգս Քոլեջին քաղաքական ֆորումին հյուրընկալության համար, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին: