211652_close_icon
views-count1704 դիտում article-date 09:01 26-10-2022

Ռուբեն Վարդանյանը լայն լիազորություններ կարող է ունենալ. Արայիկ Հարությունյանի հետ խոսակցություն է եղել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկն ու, իր ասելով, նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահը նման առաջարկով դեռ կես ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր հանդես եկել, Վարդանյանը, սակայն, իր պատրաստակամության մասին օրերս է հայտարարել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ պատահական չէ, որ գործընթացն այդքան երկար է տեւել։ Սովորաբար պաշտոնի նշանակվում, ապա նոր միայն հայտարարում են այդ մասին, այլ ոչ թե «առուն չթռած՝ հոպ ասում»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահ Հարությունյանը Վարդանյանին ասել է, որ եթե նա կարողանա իրեն լավ դրսեւորել այդ պաշտոնում, ապա լիազորությունների մեծ շրջանակ կվերապահի գործարարին։ Հարությունյանի առաջարկից ոգեւորված Վարդանյանը «լիազորությունների լայն շրջանակի» մեջ նաեւ Արցախի կառավարման ֆինանսական մասն է պատկերացրել ու ցանկացել դրա տնօրինմամբ նույնպես զբաղվել։ Հարությունյանը, սակայն, դրա հետ չի համաձայնել, ու այդ միջադեպ-խոսակցությունն էլ հենց գործընթացի ձգձգման պատճառ է դարձել։

Ի վերջո, նախագահ Հարությունյանն ու գործարար Վարդանյանը միմյանց հետ պայմանավորվելիս ազդեցությունների գոտիներն են բաշխել, որոշվել է «լիզորություննեի լայն շրջանակից» հանել բյուջեի տիրապետման գործառույթը եւ ուժայինների կառավարումը, ինչից հետո Արցախ տեղափոխված գործարարին պաշտոնի են նշանակել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր