211652_close_icon
views-count6543 դիտում article-date 10:30 30-10-2022

Հին Երուսաղեմը նոր գրքում ...կայացել է հայագետ, ֆրանսահայ մաթեմաթիկոս, պատմաբան Կլոդ -Արմեն Մութաֆյանի գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ անվանի հայագետ, ֆրանսահայ մաթեմաթիկոս, պատմաբան Կլոդ -Արմեն Մութաֆյանի գրքի շնորհանդեսը։ Հեղինակը գիրքը վերնագրել է  «Երուսաղեմը եւ հայերը». այն է նվիրված Երուսաղեմի հայերին։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հարկ համարեց խոսել ոչ միայն վերջին գրքի, այլեւ Մութաֆյան անհատի մեծ վաստակի եւ կատարած գործերի մասին, որոնք ընդգրկում են վերջին 40 տարին։

Ընթերցողը գրքում կգտնի Հայոց պատրիարքարանում եւ Սուրբ  քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։

Ըստ Վահան Տեր-Ղեւոնդյանի՝ Արմեն Մութաֆյանն իր ստեղծագործություններով ստեղծել է մի շրջանակ, որը հանգիստ կարելի է անվանել «Կիլիկիագիտություն», «Մեծ Ասորի». նրա ողջ հետաքրքրությունները հյուսվում են Կիլիկիայի եւ Ասորիքի շուրջ։

Ինչպես հեղինակն է նշում` գրքում կարելի է գտնել Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող  եւ Սալահ  ադ-Դինին  վերագրվող արտոնագիրը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, բայց երբեւէ չի դադարել հայ լինելուց. մշտապես հավատարիմ է եղել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ:
 
Գրքի կարեւորագույն արժեքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Խոսվեց նաեւ Մութաֆյանի  դոկտորական թեզի մասին, որը կոչվում է «Կիլիկյան Հայաստանը 12-14-րդ դարերում», որտեղ ներկայացված է տվյալ շրջանի դիվանագիտական ծաղկումը։

Մութաֆյանն իր այս գրքով իսկապես մեծ աշխատանք է կատարում ՝ Երուսաղեմն աշխարհին ներկայացնելով։ «Երուսաղեմը եւ հայերը» գիրքն ունի ուսուցողական եւ ճանաչողական մեծ նշանակություն։

Հիշեցնենք, որ գիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող  Belle lettre հրատարակչատունը։

«Երուսաղեմը եւ հայերը» գրքից զատ ներկայացվեց նաեւ մեկ այլ գիրք՝ «Արեւելյան Աղբյուրագիտություն» շարքի 3-րդ հատորը՝ ձոնված Մութաֆյանի 80 ամյակին։

Հատորում ըդգրկված են արժեքավոր հոդվածներ՝ նվիրված հայագիտության տարբեր խնդիրների։
 
Նյութը պատրաստեց ՀՊՄՀ 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Դավթյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր