211652_close_icon
views-count1011 դիտում article-date 11:15 08-11-2022

Ո՞րն է հոգևորականների գործառույթն՝ այս համընդհանուր, այդ թվում՝ հոգևոր ճգնաժամի պայմաններում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արդյոք հոգեւորականները պե՞տք է խառնվեն քաղաքական գործընթացներին: Եթե՝ այո, ապա ինչպե՞ս, ի՞նչ չափով եւ ո՞ր հարթակներում: Եվ ամենակարեւորը՝ հանուն ինչի՞, ի՞նչ նպատակով: Հեռու եմ այն մտքից, որ այդ հարցին կան միանշանակ պատասխաններ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նման պատասխաններ փնտրելը բերում է մտածողության պարզունակության, իսկ դա այն պարարտ հողն է, որի վրա ծաղկում է պոպուլիզմը:

Հոգեւորականների՝ քաղաքական կյանքին մասնակցելու համար մեզ մոտ իրավական արգելքներ չկան՝ Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից, ոչ թե քաղաքականությունից, ինչպես էլ վերջինս հասկանանք: Բարոյական, էթիկական խնդիրներ, կարծում եմ, կան: Եթե քրիստոնյա քահանան կանգնի իր հոտի առաջ եւ բացականչի՝ այդ մեկը թալանչի է, իսկ այն մեկը՝ դավաճան, բզկտեք նրանց, դա ինձ՝ համենայնդեպս, տարօրինակ կթվա: Մյուս կողմից՝ մենք հաճախ բողոքում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու քահանաներն իրենց հեռու են պահում հասարակությունից, դաշտը թողնելով աղանդավորներին, որոնք օրը մեջ բախում են մեր դռները: Այժմ, եթե նրանք ցանկանում են արձագանքել հասարակության մի մասին հուզող հարցերին՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ:

Տասնյակ հազարավոր հայեր երեք տարուց շատ հնարավոր է, սպանվելու են կամ տեղահանվելու: Ենթադրենք՝ Հայաստանի իշխանությանը դա չի հուզում, ասում է՝ գնացեք, բանակցեք Ադրբեջանի հետ (ինչ խոսք շատ «արժեքավոր» եւ «իրատեսական» առաջարկ է): Ենթադրենք, այդ իշխանության 680 հազարանոց ընտրազանգվածին դա նույնպես չի հետաքրքրում, ասում են՝ «էդ ղարաբաղցիքին հասնում ա»: Բայց, ինձ թվում է, անբնական կլիներ, եթե 17 դարի պատմություն ունեցող հայկական եկեղեցուն դա նույնպես չհուզեր:

Ո՞րն է հոգեւորականների գործառույթն՝ այս համընդհանուր, այդ թվում՝ հոգեւոր ճգնաժամի պայմաններում: Կարծում եմ՝ քահանան չպիտի ասի՝ այս քաղաքական ուժը կամ գործիչը լավն է, իսկ այն մեկը՝ վատը: Բայց հակազդել համընդհանուր անհավատության եւ ցինիզմի մթնոլորտին, նրանք, հավանաբար, պարտավոր են: 

Պարզ է, որ հոգեւորականներն այդ դեպքում քարկոծվելու են 680 հազարանոց մեծամասնության, նրա շահերը ներկայացնող իրական եւ ֆեյք քարոզիչների կողմից: Բայց քարկոծվելը վերջին բանն է, որին նրանք պետք է ուշադրություն դարձնեն»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր