211652_close_icon
views-count1296 դիտում article-date 16:33 08-11-2022

Այն միջազգային պատվիրակությունները, որոնք այսօր այցելում են Շուշի, լեգիտիմացնում են ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին:  

«2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923 թ.-ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900-ականների սկզբին, այնպես էլ 2020 թ-ին թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։

Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր