211652_close_icon
views-count49635 դիտում article-date 23:30 21-01-2025

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ. տեղում է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս  է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։

Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վիրավորներին պատգարակով փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանակ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկի պարանոցին ֆիքսատոր են դրել, վիրավորներից մեկի ձեռքն էլ կտրվել է։

Տեղում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը մեծ դժվարությամբ սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Հայկ Հարությունյանն ու Լուսինե Արշակյանը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Howo» բեռնատարը, որը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա՝ հողաթմբին, և կողաշրջվել։

«Mercedes»-ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 282+
282+

Նմանատիպ նյութեր