211652_close_icon
views-count1355 դիտում article-date 17:53 11-11-2022

Լոռու մարզում ևս երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Օձուն խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում Կաթնառատ և Ծաթեր բնակավայրում արդեն իսկ 75 մինչև հինգ տարեկան երեխա կկարողանա մանկապարտեզ հաճախել:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել դաստիարակներին` զինելով նրանց տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելու հմտություններով: Նաև, կենտրոններին մատակարարվել են կրթական նյութեր, խաղալիքներ, խաղեր: Երկու կենտրոններում էլ տեղադրվել են արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը, որոնք արդեն սկսելու է հոգալ համայնքը:
 
«Հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Մեր համայնքների ֆինանսական հնարավորությունները չափազանց սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես, անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնել և դրանք համայնքներում կիրառելի դարձնել՝ պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները: Ուրախ ենք, որ գործընկերների հետ համատեղ այսօր ևս երկու համայնքում այս կարևոր խնդիրը լուծվեց»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերում 2015 թ.-ից ի վեր արդեն ստեղծել է 16 այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ և համագործակցելով ԵՄ-ի և կառավարության հետ՝ մինչև 2023 թվականի վերջ հիմնելու է ևս 25-ը:

«Ուրախ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորություն է ունեցել նպաստելու այս այլընտրանքային մոդելի ստեղծմանը, որը դարձել է Հայաստանում նախադպրոցական կրթության ազգային քաղաքականության մաս և արտացոլվել «Նախադպրոցական կրթության մասին» 2021 թ.-ի օրենքում: Մենք գիտենք, որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների դեռևես միայն 64%-ն է ստանում նախադպրոցական կրթություն: Շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ և փորձելու ենք ներգրավել նոր գործընկերների, որպեսզի ավելի շատ երեխաներ ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում», - ամփոփեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալը՝ Սիլվիա Մեստրոնին:

2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է երեք նոր նախադպրոցական կենտրոն բացել Գեղարքունիքի մարզում։ Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները ապահով միջավայր ունենան սովորելու համար: Վերանորոգման արդյունքում համայնքը հնարավորություն կունենա ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր