211652_close_icon
views-count891 դիտում article-date 21:28 11-11-2022

Եթե փոխադարձաբար ընդունում ենք 1991-ի սահմանը, դրանով ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հայկական կողմը բոլոր միջազգային հանդիպումներում բարձրաձայնում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, և վերջիններս պետք է դուրս գան ՀՀ տարածքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ խոսելով հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Լրագրողի դիտարկմանը, որ չնայած համատեղ ընդունված հայտարարությունում անդրադարձ կար ՄԱԿ կանոնադրությանը, սակայն հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են և պետք է դուրս գան ՀՀ տարածքից, Փաշինյանը պատասխանեց.

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը, և այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Եւ եթե ճանաչում է, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, ուրեմն պետք է դուրս գա այդ տարածքներից, հատկապես, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»:

Փաշինյանի խոսքով՝ հենց այս համատեքստում է տեղի ունեցել ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը, քանի որ եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, որևէ դիտորդական առաքելություն չէր կարող գալ: «Գար ի՞նչը տեսներ, եթե պարզ չի, թե որտեղ է սահմանը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր