211652_close_icon
views-count2297 դիտում article-date 16:45 18-11-2022

Հայաստանը պլանավորում է 2-րդ արբանյակն ուղարկել տիեզերք

Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին:

«Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում: Առաջին արբանյակի արձակումը մեզ մոտ ստացվել է շատ աննախադեպ արագությամբ: Բայց այդ ընթացքում կուտակված պոտենցիալը և ձեռքբերումները մեզ թույլ են տալիս խոսել այն մասին, որ մենք շատ արագ կանցնենք արդեն պետական երկրորդ արբանյակի կազմակերպման, նախագծման աշխատանքներին: Այն առաջին արբանյակից էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլ նաև այն բանով, որ և նախագծման, և ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլ նաև կլինի հայկական արտադրության առաջին արբանյակը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ դա է նպատակը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և  արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար:

Ասուլիսի շրջանակում ներկայացվեցին նաև երկրագնդի տարբեր կետերից արված լուսանկարներ, օրինակ՝ Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող պատկեր, որն արվել է սեպտեմբերի 14-ին:

Մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման:

Նմանատիպ նյութեր