211652_close_icon
views-count997 դիտում article-date 19:58 29-11-2022

Վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը:

Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:

Զեկուցվել է դատական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ. նշվել է, որ ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով  հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը: Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը: Մշակվել է նախագծերի փաթեթ, որով պարզեցվում են դատավարության կազմակերպման ընթացակարգերը՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով գրավոր ընթացակարգի ներդրում, քրեական գործերով արագացված վարույթի վերականգնում և այլն: 

«Էլեկտրոնային արդարադատություն» (E-justice), «Էլեկտրոնային դատարան» (E-court) հարթակների ներդրման շրջանակում՝ մեկնարկել են քաղաքացիական դատավարության և սնանկության վարույթի թվայնացման մոդուլների մշակման աշխատանքները, մշակվել է վարչական դատավարության թվայնացման մոդուլի տեխնիկական առաջադրանքը, ընթացքի մեջ են նաև մյուսները:

Զեկուցվել է, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման շրջանակում աշխատանք է կատարվել նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ. ձևավորվել է հեղինակավոր ազգային և միջազգային մասնագետներից կազմված ղեկավար խորհրդատվական կոմիտե, որը հաստատել է արբիտրաժային կենտրոնի կանոնադրությունը, այժմ մշակվում են արբիտրաժային կանոնները: Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխությունները:

Քրեաիրավական ոլորտում նոր կադրերով են համալրվել նախաքննություն իրականացնող մարմինները և դատախազությունը: Սահմանադրական և ընտրական ռեֆորմների շրջանակում՝ ձևավորվել են Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, նիստեր են անցկացվել Երևանում և մարզերում: Կազմվել է «Ընտրական օրենսդրության և պրակտիկայի խնդիրների վերաբերյալ» զեկույցը, որի հիման վրա մշակվելու է օրենսդրական փաթեթ:

Միջոցառումներ են իրականացվել նաև ոլորտի մյուս համակարգերի՝ հարկադիր կատարման, փաստաբանության, սնանկության, նոտարիատի բարեփոխման ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգը, օպտիմալացվում է բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցների արգելադրման և բռնագանձման գործընթացը: Նոտարիատի ոլորտում աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգի ձևավորման շուրջ, որը նախատեսվում է գործարկել 2023թ. առաջին եռամսյակում: Ավարտվում է էլեկտրոնային սնանկության հարթակի մշակումը, օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել փաստաբանության բնագավառում:

Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են դատական և իրավական ոլորտի սոցիալական երաշխիքներին, թվայնացման գործընթացին, էլեկտրոնային համակարգերին, միջգերատեսչական փոխգործելիությանը, կադրային համալրմանը, ենթակառուցվածքներով ապահովմանը, ինչպես նաև սահմանադրական և ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր: 

Վարչապետը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը և նիստի արդյունքներով տվել համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր