211652_close_icon
views-count43298 դիտում article-date 22:52 06-12-2022

Երևանում Նժդեհի ասած «հայի տականքը կամ տականքները» վնասել են արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի և մյուս հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական անգամ Գարեգի Նժդեհի ասած «հայի տականքը» իր սև գործն է արել Երևանում։ Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ արձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։ 

Ժամեր առաջ այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվում է, որ տականքը կամ տականքները վնասել ու պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։ 

Թե ով կամ ովքեր են նման անմարդկային քայլի հեղինակը կամ հեղինակները, դրա պատասխանը պետք է տան իրավապահները, տվյալ դեպքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը, ու հայտնաբերեն ճիվաղին կամ ճիվաղներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում նմանատիպ արարք տեղի չունենա։ 

Այն, որ ցանկության դեպքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը կարող է հայտնաբերել արարքը կատարողիկ կամ կատարողներին, դա պետք է ապացուցվի ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Իսկ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն էլ ցանկության դեպքում կարող է նշված վայրում տեղադրի տեսախցիկներ, ինչը կզսպի Նժդեհի ասած «հայի տականքին» նման ոտձգություն կատարել ժողովրդի համար սրբության վայր համարվող խաչ-հուշաքարի տարածքում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հատուկ լուսային էֆեկտներ պարունակող սարքերը պոկված հայտնաբերվել են տարածքում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հոկտեմբերի 11-ին Երևանում՝ Ն. Սուրենյան՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ազատության 12/4 հասցեի բակում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, բազմաթիվ լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ զինակից, մշակույթի և արվեստի գործիչներ, անհատ քաղաքացիներ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայրում տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած անմահ հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություն:

Խաչքարը իրենից ներկայացնում է մի ամբողջ պատմություն: Խաչի միջից դու տեսնում ես հայոց հավերժական բիբլիական Արարատը, դու տեսնում ես  Հայաստանի վերածնունդ Մայր Հայաստան հուշակոթողը և զինվորը, ով աղոթքով իր ձայնն է բարձրացնում առ Աստված, որպեսզի բոլորն իմանան, որ այս բոլոր առյուծ տղերքը մարտիրոսվել են: Նրանց առյուծածին մայրերը  պետք է հպարտ լինեն, որ իրենց զինվոր բալեքը չեն պարտվել 44-օրյա պատերազմում, նրանք անառիկ են պահել Արցախ աշխարհը, իսկ պատմությունը սպիտակով սևի վրա հետագայում կգրի, թե ով է դավադիր ձևի ծախել Արցախը: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր հերոսներով, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր այսօրվա կյանքի:

Միջոցառումից առաջ Արաբկիրի հոգևոր դասի կողմից օծվել էր հուշաքարը և հնչեցվել էր Տերունական աղոթքը, ապա սիրված հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը ներկայացրել էր հուշարձանի պատմությունը, այն, ինչ է իրենից խորհրդանշում, որից հետո Կոմիտասի  ստեղծագործությամբ դաշնամուրային կատարմամբ հանդես էր եկել Արամ Ավետյանը, որից հետո կենդանի երգով հանդես էին եկել Դավիթ Ամալյանը, Արամ MP3-ն, Շուշան Պետրոսյանը, այնուհետև մասնակիցները ծաղիկներ էին խոնարհել:

***

Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում:  Սամվելն ընտանիքի առաջնեկն էր, ունի մեկ քույր: Սովորել է Երևանի հ.128 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի հ.29 ավագ դպրոցում:

Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, այդ իսկ պատճառով 2016 թվականին ընդունվեց  Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին` անվճար: Որոշեց շարունակել ուսումը և 2020 թվականին, ավարտելով համալսարանը, զորակոչվեց բանակ:

Օգոստոսի 13-ին Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին` հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ:  

Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում:  

Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել: ​Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց  հանուն հայրենիքի պաշտպանության:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր