211652_close_icon
views-count759 դիտում article-date 14:41 13-12-2022

Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունենք կարմիր գծեր. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱԺ արտահերթ նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ ընդունվել է հայտարարություն Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:

Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձեւավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով եւ հրաժարվելու ենք մեր  ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա... Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ եւ այլն:

Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել:

Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսեւորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,- ասաց Արցախի նախագահը:

Արցախի նախագահը Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերին կոչ արեց խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը՝ տեղեկացնելով, որ այստեղ հումանիտար աղետ է. «Մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է գիտակցենք, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչեւ  այսօր մենք երբեւէ որեւէ զիջում չենք արել, երբեւէ միակողմանի կամ պարտադրանքով որեւէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր