211652_close_icon
views-count1748 դիտում article-date 15:09 15-12-2022

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Արմավիրում Քոաֆ սմարթ կենտրոն կկառուցի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 88 հա համայնքային հողատարածքը նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 120 հեկտար տարածքի վրա, որպեսզի այս բնակավայրում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմադրամն իրականացնի 2-րդ էկոհամակարգային մեծ ծրագիրը Դեբեդից հետո:

 «Այս տարածքում հիմնադրամը կիրականացնի էկոհամակարգային երկրորդ մեծ ծրագիրը Դեբեդից հետո, որը կարող ենք անվանել Քոաֆ սմարթ ծրագիր։ Նախատեսվում է մինչև 2028թ–ը մոտ 5.5 միլիարդի ներդրումներ իրականացնել։ Ամբողջական համալիրում մի շարք գործառույթներ կիրականացվեն, մասնավորապես Քոաֆ սմարթ ուսումնական կենտրոն կլինի, համագումարների կենտրոն, միջոցառումների կենտրոն և սրճարան։ Նորարարական գյուղատնտեսության բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ կիրականացվեն, Քոաֆ սմարթ ջերմոցային տնտեսություն, ժամանակակից սպորտային համալիր, վերականգնվող էլեկտրաէներգիայի կայան և ժամանակակից այլ օժանդակ ենթակառուցվածքներ»,– ասաց Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ կառավարությունը հողատարածքը նվիրաբերում է, քանի որ տեսել է Լոռու մարզի Դեբեդ գյուղի տարածքում գործող նմանատիպ ավանի արդյունավետությունը։

Նրա խոսքով, այս կենտրոնում կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար են, ինչը շատ կարևոր է. mասնագիտական վերապատրաստում է իրականացվում, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում:

«Կրթության, մասնագիտական կրթության ոլորտում Կառավարությունը շատ մեծ ներդրումներ է անում և պատրաստվում է շարունակաբար անել այդ ներդրումները: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ նման հիմնադրամների աջակցությամբ, ինչպիսին են «Հայաստանի մանուկներ», «Թումո» հիմնադրամները, մենք պետք է համագործակցության բանաձև ստեղծենք, որպեսզի արդյունավետ կերպով ծածկել ամբողջ հանրապետությունը, դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորությունները հնարավորինս ընդլայնելով, որովհետև դա մեր մարդկային ռեսուրսների զարգացման շատ կարևոր ենթակառուցվածք է, որը մենք պետք է ստեղծենք»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր