211652_close_icon
views-count2031 դիտում article-date 15:59 16-12-2022

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 6 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց. Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ

Օրերս Երևանի  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ Ընդ Սեյֆ» ՍՊ ընկերության միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Հայտնում է ՊԵԿ-ը։

Զննման   արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում առկա փաթեթներից հայտնաբերվել է շուրջ 650 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Միջազգային սուրհանդակային մյուս առաքանիի փաթեթներից հայտնաբերվել է 1562 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մեկ այլ քաղաքացու  անվամբ Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է շուրջ 1050 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց, իսկ մյուս միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նույն օրը որոշում է կայացվել անցկացնել մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որոշվել է կազմակերպել ՀՀ ներմուծված հիշյալ միջազգային սուրհանդակային առաքանիների առաքումը և հանձնումը՝ փոխարինված զանգվածներով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և օպերատիվ-տեսչական բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի տարբեր հատվածներից, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ համայնքից առաքանիներն ստանալուց հետո, անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 4 քաղաքացի:

Միաժամանակ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հիշյալ առաքանիները քաղաքացիներն ստանալուց հետո պետք է փոխանցեին մեկ այլ անձի։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առաքանիները ՀՀ ուղարկող Ի․ Մ․-ն կրկին Միացյալ Նահանգներից ՀՀ է ուղարկել առաքանիների ևս մեկ խմբաքանակ, որոնցում հնարավոր է կրկին առկա լինեն թմրամիջոցներ։ Իրականացված հսկողության ընթացքում մաքսային հսկողության է ենթարկվել ուղարկված ևս 7 առաքանի:  Արդյունքում, առաքանիներում հայտնաբերվել է ևս ընդհանուր  շուրջ 3 կիլոգրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձերբակալված անձինք և հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են  ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր