211652_close_icon
views-count1112 դիտում article-date 14:22 20-12-2022

ԱԻՆ-ը համալրվել է աճյունների պատշաճ տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկով. ԿԽՄԿ-ի հետ ստորագրվել է հուշագիր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային փոխադրամիջոցով՝ աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար: Գերատեսչության հաշվեկշռում գրանցված «ԿամԱԶ-4308» մակնիշի բեռնատարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերասարքավորվել է աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկի: ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հայտնում է ԱԻՆ-ը։

Արարողությանը մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, դատաբժշկական փորձաքննության համակարգող Անա Մարիա Բոզա Առլոտը և լոգիստիկայի համակարգող Արթուր Ղազարյանը:

Աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկը կարող է միանգամից տեղավորել 12 մարմին: Այն կարող է օգտագործվել նաև հեռավոր մարզերում, իսկ սառեցման պրոցեսն ապահովվում է ինչպես հոսանքի աղբյուրով, այնպես էլ ինքնաբավ եղանակով:

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, անդրադառնալով ԿԽՄԿ-ի հետ արդյունավետ աշխատանքին, նշել է, որ այս աջակցությունը համագործակցության շատ կարևոր դրսևորում է:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը աճյունների ճիշտ տեղափոխման վերաբերյալ մշտապես համագործակցել է տարբեր կառույցների հետ: Գործընթացի իրականացումը՝ անհրաժեշտ կահավորմամբ սառնարանային բեռնախցիկի առկայության շնորհիվ, ինստիտուցիոնալ և կազմակերպչական առումով հետայսու ավելի բարձր մակարդակի վրա կլինի»,- նշել է Դավիթ Համբարյանը:

Իր հերթին, ԲԱՎ պետ Կարեն Աթոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում փրկարարները մի քանի փուլով վերապատրաստում են անցել:

«Սկզբնական շրջանում գործընկերների հետ դիերի որոնման վարքականոնների վերաբերյալ պատրաստել ենք թիմեր: Արդեն ձևավորվել է 4 թիմ, և աշխատանքների հաջորդ փուլը կապված է բեռնախցիկի հետ: Բացի դրանից՝ մեր վարչությունը ԿԽՄԿ-ից առաջարկ է ստացել պատրաստել դատաբժշկական առաջին արձագանքող մասնագետներ: Նրանց համար Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների կողմից կազմակերպվելու են առցանց դասընթացներ»,- ասել է նա:

Հանդիպման վերջում Միրիամ Էլ Խոլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը և նշել, որ երկկողմ համագործակցությունն առաջին իսկ օրվանից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

Նմանատիպ նյութեր