211652_close_icon
views-count1500 դիտում article-date 16:06 20-12-2022

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայներ:

Համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց   ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ-ի մշակույթի ոլորտի ամենամեծ ծրագիրն է և հասանելի է նաև ԵՄ հարևանության երկրների համար: Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին: Իսկ այդ ծրագրի նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ուժեղացնելով Եվրոպայի մշակութային և ստեղծարար ոլորտների մրցունակությունը՝ ապահովելու կայուն ու ներառական աճ:

«Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալել միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհներ՝ գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի, մշակութային ժառանգության և մշակույթի մի շարք այլ ոլորտներում»,-ասաց Մարտիրոսյանը:

Ծրագրի այս շրջափուլը նախատեսվում է մինչև 2027 թվականը: Հայաստանը միացած է եղել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջին շրջափուլին 2014-2020 թթ համար: Եվ ծրագիրը, փոխնախարարի գնահատմամբ, իսկապես լավ հնարավորություն է:

Ենթադրվում է, որ ծրագրի շրջանակներում կստեղծվի «Ստեղծագործ Եվրոպա»-ի գրասենյակ, որը կզբաղվի հայ մշակութային գործիչների իրազեկվածության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ և եվրոպացի գործընկերներ գտնելու գործընթացով:

Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրո մասնակցության վճար: Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ այդ մասնակցության վճարով հնարավոր կլինի շատ ավելի մեծ գումարներ գեներացնել Հայաստանի մշակույթի ոլորտի համար:

Նմանատիպ նյութեր