211652_close_icon
views-count18189 դիտում article-date 10:22 04-01-2023

Ոստիկանության նախկին գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ կասկածյալներից մեկի հայրը Սահմանադրական դատարանի դատավոր է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ ձերբակալված կասկածյալներից մեկի Արեգ Վաղարշյանի  հայրը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանն է: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է , ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզությունում օպերատիվ տվյալներ ստանալով, այնուհետև այդ տվյալներն իրացնելով ու համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էին ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման ենթարկել Երևանի 3 քաղաքացու։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են 32-ամյա Շահեն Ն-ն, 21-ամյա Արեգ Վ-ն, 21-ամյա Տիգրան Վ-ն։

Վերջիններս կասկածվում էին դեկտեմբերի 30-ին Արաբկիր վարչակնա շրջանի Մամիկոնյանց փողոցում 35-ամյա Էդուարդ Նադարյանի հետ վիճաբանելու, նրան դանակի մի քանի հարված հասցնելու մեջ։ Վիճաբանության ժամանակ էլ Է. Նադարյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոցներ էր արձակել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված արարքի համար որոնում էին նաև Երևանի բնակիչ՝ 23-ամյա Մարտին Մ-ին և ոմն Արթուրի, ում ինքնությունը պարզվում էր։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հերքվել էր նաև այն, որ երբ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, հայտնել էին, որ հնարավոր է՝ Է. Նադարյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսել իր հոր՝ ոստիկանության նախկին պաշտոնյա, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանի պատճառով։

Պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի էր ունեցել ժամը 02։10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 34Բ շենքի դիմաց աղմկելու համար, որի ժամանակ Է. Նադարյանը եղել էր միայնակ, իսկ մնացածը՝ միասին։ 

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ 

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ ում կողմից է դանակի բազմաթիվ հարվածներ ստացել վիրավորը, ինչպես նաև հայտնաբերելու համար հանցագործության գործիք դանակը կամ դանակները։ 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր