211652_close_icon
views-count894 դիտում article-date 22:59 12-01-2023

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կհանվի 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից

Նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 12-ի նիստում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունը:

Զեկուցողի խոսքով կենտրոնը գործում է 2020 թ. հունիսից, ներկայումս իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային եւ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաեւ ռադիոիզոտոպի արտադրություն: Հաշվի առնելով, որ կենտրոնը նման հետազոտություններ իրականացնող միակ կազմակերպությունն է, նաեւ ունի 4 կառավարական վարկեր` հետագա զարգացման նպատակով առաջարկվում է այն հանել մասնավորեցման ցանկից եւ հետագայում միավորել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը կենտրոնը մասնավորեցման օբյեկտների ցանկից հանելու որոշումը համարել է ճիշտ, անգամ` ուշացած:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը` ընդգծելով, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը եզակի ծառայություններ մատուցող կազմակերպություն է:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր