211652_close_icon
views-count40121 դիտում article-date 18:20 18-01-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «ML Mining» ՍՊԸ-ում 2 աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել, մեկի կյանքի համար բժիշկները պայքարում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում «Իզմիրլյան» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ, պատռված վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվադնանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայք մարզի բնակիչ՝ 40-ամյա Գագիկ Ս-ն է։

Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին, թե ինչ հանգամանքներում է Գագիկ Ս-ն վիրավորում ստացել, ժամը 13։30-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ Գագիկ Ս-ն «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է իրենց մոտ։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ժամը 10։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղիում գործող «Ml MIning» ՍՊԸ-ին պատկանող ավտովերանորոգման կետում Գագիկ Ս-ն Կամազ մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս,  ըստ նախնական տեղեկությունների, չի պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի պատճառով էլ ստացել է նշված մարմնական վնասվածքները։ 

Պարզվել է նաև՝ նշված ՍՊԸ-ում աջ ձեռքի վնասվածք է ստացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Պողոս Գ-ն, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվածքներ ստացած անձինք աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես մեխանիկ-փականագործներ։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր