211652_close_icon
views-count848 դիտում article-date 19:53 19-01-2023

Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան

ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի հետ: Ըստ պատգամավորի՝ ԵԽ-ում շրջանառվող բանաձեւի տեքստը մի շարք կարեւոր արձանագրումներ է պարունակում: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը, մասնավորապես, բանաձեւում օգտագործվում է «ինքնակոչ ակտիվիստներ» ձեւակերպումը: Կարեւորվում է, որ շրջափակումն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է:

Նա անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս հնչեցրած մտքին, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է շփման գծի երկայնքով ՀԱՊԿ ստորաբաժանումների տեղակայումից:

Հայկ Մամիջանյանը նշել է, որ, փաստացի, երկու կարեւորագույն ուժային կենտրոններից՝ հավաքական Եվրոպայից եւ Ռուսաստանի Դաշնությունից, եկել են հետեւյալ մեսիջները. հավաքական Եվրոպան եւս մեկ անգամ ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կարեւորությունը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը եւս մեկ անգամ բացահայտել է այն փաստը, որ Հայաստանը, փաստացի, հրաժարվել է ՀԱՊԿ աջակցությունից, որը ներառում էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայում շփման գծի երկայնքով, նաեւ՝ սպառազինության աջակցություն:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական պատասխանատվություն պետք է հետեւի գիշերը զորամասում տեղի ունեցած հրդեհին, Հայկ Մամիջանյանն ասել է. «Դժվար է այս պահին քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցածին: Առաջին միտքը, որ գալիս է, այն է՝ գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը»:

Ճեպազրույցը կայացել է հունվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր