211652_close_icon
views-count880 դիտում article-date 10:42 20-01-2023

Բունդեսթագը 2014թ. եզդիների կոտորածը ցեղասպանություն է ճանաչել

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, եզդիների 2014թ. կոտորածը Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից ճանաչել է ցեղասպանություն եւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել եզդիական փոքրամասնությանն օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացրել է DW-ն։

Բունդեսթագի պատգամավորներն աջակցել են Գերմանիայի կառավարող ձախ կենտրոնամետ կոալիցիայի երեք խորհրդարանական խմբերի եւ խորհրդարանի պահպանողական անդամների առաջարկին, որն արժանացել է եզդիների համայնքի ներկայացուցիչների հավանությանը։

Բունդեսթագը «եզդիների համայնքի դեմ կատարված հանցագործությունները ճանաչում է որպես ցեղասպանություն՝ Միավորված Ազգերի Կազմակերպության քննիչների իրավաբանական գնահատականներից հետո», նշվել է բանաձեւում, մի շարք երկրների՝ ներառյալ Ավստրալիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների, համանման քայլերից հետո։

Բանաձեւը դատապարտում է «աննկարագրելի գազանությունները» եւ «տիրանների անարդարությունը», որոնք կատարել են ԻՊ-ի գրոհայինները՝ «նպատակ ունենալով լիովին բնաջնջել եզդիական համայնքը»։

Բանաձեւը կոչ է անում Գերմանիայի դատական համակարգին շարունակել քրեական գործերը Գերմանիայում կասկածվողների հանդեպ, իսկ կառավարությանը՝ ավելացնել աջակցությունն Իրաքում հանցագործությունների ապացույցների հավաքման համար, մեծացնել ֆինանսավորման չափը՝ եզդիների ավերված համայնքները վերականգնելու համար։

Կոչ է արվում նաեւ կատարել եզդիների դեմ հանցագործությունների փաստագրում՝ պատմական հաշվետվողականությունն ապահովելու եւ Բաղդադի վրա, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով, ճնշում գործադրելու համար։

Նմանատիպ նյութեր