211652_close_icon
views-count30942 դիտում article-date 11:50 20-01-2023

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծեծի է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի դասակի հրամանատարը․ ժամանել են օպերատիվ գծով տեղակալն ու քրեականի պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի դասակի հրամանատար 40-ամյա Ռոման Գևորգյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 22։50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ջոկի հրամանատար 41-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը և Ռ․ Գևորգյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ  2 հոգի իրար հետ վիճաբանում են։

Ոստիկանները մոտեցել են վիճաբանող քաղաքացիներին և փորձել պարզել, թե ինչու են վիճաբանում և պահանջել՝ դադարեցնեն վիճաբանությունը։

Սակայն նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել Ռ․ Գևորգյանի հասցեին, քաշել ուսադիրներից, ապա հարվածել ձախ աչքին։ Հարվածի արդյունքում աչքի շրջանում կապտուկ է առաջացել։

Ահազանգով օպերատիվորեն ժամանել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ, ովքեր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գագիկ Ա․-ին, ով այնուհետև ներկայացվել է քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը զինծառայող է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր