211652_close_icon
views-count659 դիտում article-date 11:57 22-01-2023

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին` չինական Նոր տարվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։

Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը թող առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Ինչպես տեղյակ եք, անցյալ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առնչությամբ համոզված եմ, որ այս տարիների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում գրանցված փոխշահավետ համագործակցության արդյունքներն առաջիկայում կբազմապատկվեն՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորել Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ չին ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»:

Լի Կեցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։ Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին:

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն և հետևողական զարգացումը: Անցյալ տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առնչությամբ մեծապես հավատացած և լիահույս եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

 

Նմանատիպ նյութեր