211652_close_icon
views-count53382 դիտում article-date 21:14 22-01-2023

Երևանում ճիվաղները թալանել են Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին ու նրա ընտանիքին պատկանող համակարգչային խաղերի սրահը․ պատճառվել է մոտ 8 մլն-ի վնաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 1/54 հասցեում գտնվող համակարգչային խաղասրահի դուռը կոտրել են և, հնարավոր է, այնտեղից գողություն է կատարվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։30-ից մինչև 10։40-ն ընկած ժամանակահատվածում 4 ճիվաղ՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, տեխնիկակակ միջոցների գործադրմամբ բացել են «Քոֆֆի քլաբի» հարևանությամբ գործող համակարգչային խաղասրահի դուռը, իջել նկուղային հարկ, կոտրել խաղասրահի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել 5 հատ «PS-5» մոդելի խաղային համակարգիչ, 5 հատ «Sony PlayStation», 4 հատ «JVS» մոդելի հեռուստացույց և դիմել փախուստի։

Ստահակը կամ ստահակները, տեսնելով, որ հեռուստացույցներից մեկը չեն կարողանում տանել, խփում և կոտրում են այն, սենյակում որոշ իրեր էլ տակնուվրա են անում։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Ռոման Սարդարյանի, ավագ քննիչ Ժորա Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված համակարգչային խաղասրահը պատկանում է Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին, ով աշխարհում ներկայացրել է Քիքբոքսինգը, բարձր է պահել Հայատանի պատիվը և նրա շնորհիվ բազմաթիվ անգամներ մրցումներում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացվել եռագույնը։ Ու հիմա  տականքները թալանում են նրան ու նրա ընտանիքի անդամներին պատկանող կենտրոնը՝ պատճառելով  մոտ 8 մլն դրամի վնաս։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների  քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական  վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գողության այդ ողջ ընթացքը տեսանկարահանվել է տեսախցիկներով, մնում է ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեն ոչ միայն գողին կամ գողերին, այլ նաև գողոնը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր