211652_close_icon
views-count863 դիտում article-date 13:10 03-02-2023

2023-ի փետրվարի 1-ից գործարկվել է հայտարարագրերի ներկայացման նոր էլեկտրոնային համակարգը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է հայտարարագրերի ներկայացման նոր էլեկտրոնային համակարգը:

Հանձնաժողովի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «2022 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման պարտականություն ունեցող հայտարարատուները (պաշտոնատար անձ և ընտանիքի անդամ) իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին, կստանան ծանուցում Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ ցուցումներով, որտեղ նշված կլինեն օգտանունն ու գաղտնաբառը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նախկինում Հանձնաժողովի կողմից հայտարարատուներին տրամադրված օգտանուններն ու գաղտնաբառերը վավեր չեն, ուստի խնդրում ենք դրանք չօգտագործել նոր համակարգ մուտք գործելու համար:

Համակարգը ծանուցումներն իրականացնելու է ինքնաշխատ եղանակով, Հանձնաժողովի կողմից հայտարարատուի գործատու հանդիսացող պետական մարմինների համար սահմանված ցանկի հաջորդականությամբ:

Հայտարարագրերի ներկայացման նոր էլեկտրոնային համակարգը բաղկացած է «Պրոֆիլ» և «Հայտարարագրեր» բաժիններից:

Համակարգ մուտք գործելուց հետո հայտարարատուն պետք է ստուգի «Պրոֆիլ» բաժնի բոլոր ներդիրներում առկա տվյալների հավաստիությունը, ըստ անհրաժեշտության՝ կատարի փոփոխություններ և պահպանի, այնուհետև «Հայտարարագրեր» բաժնի «Տարեկան» ենթաբաժնում լրացնի և հանձնի համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ստեղծված՝ 2022 թվականի տարեկան հայտարարագիրը:

2022 թվականի տարեկան հայտարարագրերում 2021 թվականի տարեկան հայտարարագրերից արդեն իսկ բեռնված են տարեվերջին լրացված տվյալները, ինչպես նաև «Եկամուտներ» բաժնում ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանից բեռնված են վերաբերելի ժամանահատվածում հայտարարատուի կողմից ստացված եկամուտները:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և կամ դադարեցնելու օրվա դրությամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու ժամկետների վերաբերյալ Հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) միջոցով տարածվող հաղորդագրություններին։

Նմանատիպ նյութեր