211652_close_icon
views-count1297 դիտում article-date 09:33 15-02-2023

Պատգամավորներն են պահանջել, որ Արմեն Գրիգորյանը գա հանդիպման. մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ դռնփակ քննարկում են անցկացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ԱԽ քարտուղարի փակ քննարկումից: Տեղեկացանք, որ քննարկումը տեւել է մոտ 4 ժամ. սկզբում քննարկվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով եւ սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ: Հանդիպման այս հատվածին մասնակցել են նաեւ փորձագետներ եւ փոխնախարարներ:

Արդեն հանդիպման կեսից քննարկումն ավելի փակ ռեժիմի է անցել, փոխնախարարները եւ փորձագետները հեռացել են, ՔՊ-ականները եւ Արմեն Գրիգորյանը մնացել են դեմ առ դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներն իրենք են պահանջել, որ Արմեն Գրիգորյանն անձամբ գա ԱԺ ու ներկայացնի, թե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ինչ փուլում են: ՔՊ-ականները ԱԽ քարտուղարին անհանգստություն են հայտնել, թե, իրենց տպավորությամբ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, կարծես թե, առաջընթաց չկա, համենայնդեպս, իրենք ոչնչից տեղեկացված չեն:

Արմեն Գրիգորյանը հանգստացրել է պատգամավորներին, որ բանակցություններն իրենց հունով ընթանում են: ԱԽ քարտուղարը ՔՊ-ականներին մանրամասն ներկայացրել է՝ այս պահի դրությամբ հայկական կողմն ինչի շուրջ է բանակցում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել է, որ աշխատանքները հիմնականում տարվում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, ուսումնասիրում են Բաքվի փոխանցած նոր առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի մասով, որպեսզի հասկանան՝ որ կետին համաձայնեն, որին՝ ոչ:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ հանդիպումը թեժ է եղել հատկապես այն առումով, որ ՔՊ-ական հ/կ թեւը Արմեն Գրիգորյանին մեղադրել է, թե նա տապալել է իր առջեւ դրած «առաքելությունը», այն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը:

Այսպիսով, ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր