211652_close_icon
views-count835 դիտում article-date 10:50 15-02-2023

Պետության վերնախավից մենք իրավունք ունենք պահանջելու, որ նրանք րոպեն մեկ դիրքորոշումը չփոխեն․ «Առավոտ»

«Ատավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Թե՛ անհատները եւ թե՛ պետությունները կարող են լինել օբյեկտ եւ սուբյեկտ: Երկու դեպքում էլ սուբյեկտը նա է, ով կարողանում է, իրավունք եւ հնարավորություն ունի ասելու «ոչ»: Ընդ որում՝ այդ «ոչ»-ը կարող է ուղղված լինել ոչ միայն մրցակցիդ, թշնամուդ, հակառակորդիդ, այլեւ՝ ընկերոջդ, դաշնակցիդ, բարեկամիդ:

Երբ դու Պրահայում, Բրյուսելում եւ Վաշինգտոնում ասում ես «այո», Մոսկվայում եւ Սոչիում նույնպես ասում ես «այո», իմանալով, որ այդ երկու կենտրոններն իրար հանդեպ թշնամաբար են տրամադրված, դա նշանակում է, որ դու չես վաստակել «ոչ» ասելու իրավունքը: Բայց բոլորին դրական պատասխան տալու դեպքում հարցը մտնում է փակուղի եւ առաջացնում է երկու կողմերի դժգոհությունը. ռուսներինը՝ բացահայտ (վկա՝ սկզբից Լավրովի, իսկ վերջերս՝ Վոլոդինի հայտարարությունները), իսկ Արեւմուտքինը՝ շատ ավելի զուսպ արտահայտված:

Երկրորդ հանգամանքը, որը ցանկացած մեկին սուբյեկտ է դարձնում, ռազմավարություն ունենալն է: Մեծ հաշվով՝ համաշխարհային քաղաքականության մեջ ռազմավարությունն այնպիսի մի բան է, որը մշակում եւ իրականացնում են վերպետական կառույցները: Միակ նման կառույցը, որը ձեւականորեն «պետություն» է կոչվում, Վատիկանն է, որի տարածքը շատ փոքր է, իսկ գաղափարների ազդեցությունը՝ հսկայական: Մնացած դեպքերում ռազմավարական ծրագրերը՝ պանթուրքիզմը, իսլամիզմը, սիոնիզմը, անգլո-ամերիկյան ազատական նախագիծը, «Երրորդ Հռոմը» եւ այլն, իրականացվում են մեծ հաշվով պետություններից դուրս գտնվող ուժերի կողմից: Ճիշտն ասած՝ թվարկած (եւ հնարավոր այլ) ոչ մի նախագծում ես մեզ՝ հայերիս չեմ տեսնում:

Արդյոք մենք (նկատի ունեմ, բնականաբար, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ հայությանը) ունե՞նք այնքան ներուժ եւ ամբիցիաներ, որ կարողանանք աշխարհին ներկայանանք մեր սեփական նախագծով: Դրա մասին պետք է մտածեն ոչ թե պետության ղեկավարները, ոչ էլ նրանք, ովքեր հավակնում են ղեկավարելու, այլ՝ մտավորական շրջանակները:

Բայց պետության վերնախավից մենք իրավունք ունենք պահանջելու, որ նրանք րոպեն մեկ դիրքորոշումը չփոխեն: Նույն՝ Արցախի հարցում: Պատերազմից առաջ առավելապաշտ, անզիջում դիրքորոշում («Արցախը Հայաստան է եւ վերջ», «Նոր պատերազմ, նոր տարածքներ»), պատերազմից անմիջապես հետո՝ «Արցախի ինքնիշխանություն», «Անջատում՝ հանուն փրկության», իսկ հիմա՝ «տարածքում ապրող հայերի իրավունքներ եւ անվտանգություն»:  Այդ «էվոլյուցիան», մեղմ ասած, ոչ «սոլիդ» տպավորություն է թողնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր