211652_close_icon
views-count1015 դիտում article-date 17:02 19-02-2023

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել՝ կիրառելով ռազմավարական ռմբակոծիչներ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են համատեղ օդային զորավարժություններ՝ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ՝ Հյուսիսային Կորեայի կողմից Hwaseong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջորդ օրը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը հայտարարել է, որ զորավարժությունները, որոնց ժամանակ հարավկորեական F-35A, F-15K և ամերիկյան F-16 կործանիչներն ուղեկցել են ամերիկյան B-1B ռմբակոծիչներին, ցույց են տվել դաշնակիցների «ճնշող» պաշտպանունակությունն ու պատրաստվածությունը:

«Զորավարժությունները ուժեղացրել են համակցված գործողության հնարավորությունները  և վերահաստատել են Միացյալ Նահանգների ամուր նվիրվածությունը Կորեական թերակղզու պաշտպանությանը և ընդլայնված զսպման միջոցների իրականացմանը»,- ասվում է հարավկորեական բանակի տարածած հայտարարության մեջ:

Ճապոնական Fuji News Network-ը հայտնել է, որ Ճապոնիան և ԱՄՆ-ը նույնպես, հավանաբար, նույն օրը համատեղ օդային զորավարժություններ կանցկացնեն:

Ավելի վաղ ԿԺԴՀ պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ երկիրը շաբաթ օրը «անսպասելի զորավարժություններ» է անցկացրել՝ որպես «թշնամական ուժերի դեմ մահացու միջուկային հակահարձակման կարողությունը անդիմադրելի դարձնելու իր ջանքերի փաստացի ապացույց»։

Նմանատիպ նյութեր