211652_close_icon
views-count108173 դիտում article-date 13:26 21-02-2023

Տեսախցիկն արձանագրել է Երևանում, ժողովրդին հայտնի Փարաքարի ճանապարհին ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային, ով շպրտվում ու բախվում է շինության պատին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Մակար Միրզոյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ երեկ՝ փետրվարի 20-ին, Մայրաքաղաքային փողոցում ժողովրդին հայտնի՝ Փարաքարի ճանապարհին վրաերթի ենթարկված երեխայի, վարորդների, ինչպես նաև մյուս վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Մելիքսեթյանը, Cadillac-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մեխակ Գեղամյանը, վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Մհեր Ա․-ն է, ով Cadillac-ի վարորդի կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հերքվել է վթարի վայրում գտնվող այն քաղաքացիների հայտնած տեղեկությունները, թե իբրև «Աստղիկ» բժշկական կենտրոնում ոչ մի օգնություն չեն ցուցաբերել։ Մինչդեռ ոչ միայն օգնություն են ցուցաբերել, այլև իրենց բժշկական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղի բժիշկներն էլ այս պահին անում են հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար։

Պարզվել է նաև, որ Ա․ Մելիքսեթյանը, նրա ուղևոր 37-ամյա Անի Մաթևոսյանը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել են Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը, որտեղ երևում է, որ Cadillac-ը բախվում Opel-ի հետնամասին, Opel-ի վարորդն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային, ով շպրտվելով, բախվում է պատին, իսկ Opel-ն էլ բախվում կայանված Mercedes-ին ու Ford Transit-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։18-ի սահմաներում Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել  անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։

Վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։ Վարորդը իր ավտոմեքենայով երեխային, որ գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն այնտեղ հրաժարվել են վիրավորին ընդունել հիվանդանոց ասելով, թե իրենց պացիենտը չի։ Ստիպված Cadillac-ի վարորդը երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոտիկանության Պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Կուռոյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը։

Վրաերթ-վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ  Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր