211652_close_icon
views-count2824 դիտում article-date 16:59 23-02-2023

Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ նշեց պատճառը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: 

Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու  մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն  բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: 

Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության: 

Կառավարության նիստի ժամանակ նախագահ Արայիկ  Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,
2020 թվականի աղետալի պատերազմից հետո Արցախը թևակոխել է ծանր մարտահրավերների շրջան, որոնց կարողացել ենք քիչ թե շատ դիմակայել ու պահել որոշակի ներքին ու արտաքին կայունություն: Իսկ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի (Քաշաթաղի) միջազգայնորեն ճանաչված միջանցքի տևական արգելափակումը, տնտեսական շրջափակումն ու Արցախում բնակվող 120.000 մարդուն հումանիտար ամենատարբեր խնդիրների առջև կանգնեցնելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի իրական նպատակները, մոտակա ու հեռակա ծրագրերը: 

Ավելի քան 70 օր արցախցիները համառորեն պայքարել և շարունակում են իրենց պայքարը մեր սրբազան հայրենիքում արժանապատվորեն ապրելու և արարելու, մեր նախնիների պատգամը սրբորեն պահելու և մեր նահատակված քույրերի ու եղբայրների շիրիմներին տրված երդումն անխախտ պահելու համար: Այս պայքարն անդադար ու անվերջ է լինելու, այն կարող է ավարտվել միայն հաղթանակով: Այժմ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ կցանկանայի ներկայացնել որոշ նկատառումներ:

Ի՞նչ ունենք Արցախի տևական շրջափակման հետևանքով:

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց հետո Արցախում ներքին կյանքի հարաբերականորեն խաղաղ ու բնականոն ընթացքն ամբողջությամբ խաթարվեց:  Ունեցանք ներկրումների ու արտահանումների դադարեցում՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից որոշակի հումանիտար բեռների ընդհատումներով սահմանափակ մատակարարման դեպքերի, կիսվեցին բազմաթիվ ընտանիքներ, ծագեցին կենսական բազմաթիվ ապրանքների սղության հետ կապված խնդիրներ, ի հայտ եկան հազարավոր նոր գործազուրկներ, գործունեությունը դադարեցրած կամ նվազեցրած հազարավոր տնտեսվարողներ, հասարակության շրջանում ծագեցին հոգեբանական խնդիրներ, ունեցանք էլեկտրամատակարարման ու գազամատակարարման պարբերական ընդհատումներ, տրանսպորտի խնդիրներ, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների բնականոն աշխատանքի խափանումներ, տնտեսությունը կրեց ավելի քան 150 միլիոն դոլարի վնաս և բազմաթիվ այլ ուղղակի և անուղղակի զրկանքներ:

Շրջափակումը, խոշոր առումով, Արցախի ժողովրդի վրա ունեցել է ազդեցություն հետևյալ երեք ուղղություններով՝ ազատ տեղաշարժի սահմանափակում, հոգեբանական ահաբեկչություն և կենսական ենթակառուցվածքների աշխատանքի խափանում: Եթե առաջինի և երկրորդի մասով կարողացել ենք քիչ թե շատ երկարաժամկետ շրջափակմանը դիմակայելու լուծումներ գտնել, ապա երրորդի մասով ունենք լրջագույն մարտահրավերներ, որոնք ստիպում են մեզ արագ ու վճռական որոշումներ կայացնել: Կփորձեմ փակագծերը բացել անվտանգային առումով թույլատրելիության սահմաններում: 

Հունվարի 9-ից լրիվությամբ խափանելով Հայաստանից եկող էլեկտրամատակարարումը, իսկ շրջափակման ողջ ընթացքում կանոնավոր կերպով խափանելով գազամատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնավոր հարուցել է շարունակական էներգետիկ ճգնաժամ՝ որպես ճնշման հիմնական միջոց: Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարման՝ ամբողջ ծավալով գործարկելով տեղի հիդրոէլեկտրակայանները և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ տնտեսական խոշոր ձեռնարկությունների աշխատանքի կասեցման և հովհարային անջատումների կիրառման միջոցով: Այս ողջ ընթացքում մեծ ծավալով պակասել են Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, քանի որ անհամեմատ ավելի շատ ջուր ենք բաց թողել մեր գլխավոր հէկի գործունեության համար, քան Սարսանգ մուտք գործող ջրային պաշարները: Այժմ վիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ այսուհետ ունենալու ենք էներգետիկ պաշարի ծայրահեղ սղություն՝ իր բոլոր հետևանքներով:

Կուզեի նաև ընդգծել, որ այս ընթացքում զգալի գործ է արվել կառավարության կողմից կանոնակարգելու շրջափակման հարուցած խնդիրների լուծման աշխատանքները: Թեև դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, արձանագրվել են նաև անարդարության դեպքեր, սակայն կարող ենք պնդել, որ օրեցօր պետական ծառայությունների արդյունավետության մակարդակը բարձրանում է, և դրան զուգահեռ ավելի են մեղմանում բնակչության զրկանքները: Շնորհակալություն իրենց աշխատանքային ու քաղաքացիական պարտավորությունները պատշաճորեն կատարած և կատարող անձանց: Իսկ անբարեխիղճ վարք դրսևորած և արտոնյալի անընդունելի մոլուցքով տառապող մեր հայրենակիցները թող օր առաջ գիտակցեն, որ այդ վարքով վնասում են հայրենիքին ու հենց իրենց, քանի որ թուլացնում են մեր շարքերը և բացասաբար են ազդում հասարակության հոգեբանական դիմադրողականության վրա: 

Այս ամենի կողքին, այնուամենայնիվ, ունենք պայքարի ու դժվարությունների պատրաստ ժողովուրդ, որը հստակորեն գիտակցում է ադրբեջանական ցեղասպանական նպատակները և մեր կարմիր գծերը՝ պատրաստ պաշտպանելու վերջիններս: Մյուս կողմից, բնական եմ համարում ժողովրդի մեջ ծագող հարցերը պայքարի նպատակների, միջոցների, ժամկետների, կարմիր գծերի, ռիսկերի և առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Առկա տեղեկատվության և թույլատրելիության սահմաններում հնարավորինս կպատասխանեմ այդ հարցերին՝ պատրաստ լինելով նաև քննարկման այս և այլ ձևաչափերով:

Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմամբ Ադրբեջանի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին, ապա ակնհայտ է, որ նմանօրինակ գործողություններով Ադրբեջանը հետապնդում է Արցախի ժողովրդի էթնիկ զտման նպատակ՝ «չկա հայ Արցախում, չկա խնդիր» տրամաբանությամբ: Իսկ ավելի միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքում նրանք նպատակ ունեն նոր կենսական զիջումներ կորզել Արցախից ու Հայաստանից, փլուզել Արցախի ինքնիշխանությունը, տնտեսությունը, մեծացնել մեր կախվածությունն իրենցից, հոգեբանական ահաբեկչությամբ խթանել արտագաղթը և այլն, և այլն:

Այս առումով մեր պայքարի ռազմավարական նպատակը հայկական, անկախ ու անվտանգ Արցախի պահպանումն ու ամրապնդումն է, իսկ այս փուլի գլխավոր նպատակը ադրբեջանական սադրանքներին վճռականորեն դիմակայելն է, որպեսզի թույլ չտանք էթնիկ զտման քաղաքականության հաջողումը: Այդ ճանապարհին կարևոր նպատակներից է նաև մեր կենսական շահերի ու կարմիր գծերի պաշտպանությունը:
Ուժի ապօրինի կիրառման արդյունքում 2020 թվականին ստեղծված իրավիճակը չի կարող և չպիտի ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։

Պայքարի գլխավոր միջոցն Արցախում հաստատակամորեն ապրելն է՝ առանց տրվելու հոգեբանական ճնշման տարաբնույթ սադրանքներին: Երկրորդը՝ կենսական շահերի ու կարմիր գծերի անկոտրում պաշտպանությունն է՝ թույլ չտալով դրանց անդառնալի ոտնահարումը: Իսկ երրորդը՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային գործնական ճնշման ավելացումն է, որտեղ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի դերը պակաս կարևոր չէ: Առ այսօր մենք զգալի հույսեր ենք կապել միջազգային ճնշման հետ, սակայն բարի ու երբեմն կոշտ հայտարարություններից անդին գործնական քայլեր չենք տեսել: Այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերը նաև միջազգային իրավական ճակատում, և այդ առումով սպասված ու ողջունելի էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումը ճանապարհի բացման պահանջով, որը, սակայն, կարող է մեծ արդյունքներ ապահովել միայն միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների քաղաքական ամուր կամքի և գործնական քայլերի առկայության պարագայում: Ամեն դեպքում, անկախ Ադրբեջանի ցուցաբերած պատասխանատվությունից ու վարքից, սա պետք է համարել միջազգային իրավական հարթակում կարևորագույն հաղթանակ, որն ունի առանցքային իրավական արժեք ու նշանակություն ոչ միայն այսօր, այլև վաղը:  

Մեր պայքարի ռազմավարական նպատակին հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնենք՝ հաշվի առնելով հակամարտության բարդությունը, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական միջավայրի անկայունությունը և մեր ներքին խոցելիությունները: Իսկ շրջափակման այս պայմաններում մեր պայքարը արդեն բավականին կանխարգելիչ արդյունքներ է ապահովել, և որոշակի դրական միտումներ կան, որ առաջիկա օրերին այս ճգնաժամային իրավիճակը կարող է զգալիորեն մեղմանալ, ընդ որում՝ առանց մեր կենսական շահերն ու կարմիր գծերը խախտելու կամ վնասելու: Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք ապահովելու որոշակի կայուն ու կանխատեսելի միջավայր առաջիկա ամիսների (միգուցե նաև մեկ-երկու տարվա) ժամանակահատվածում, քանի դեռ չի կայունացել խիստ փխրուն աշխարհակարգը և չենք կարողացել նշանակալիորեն բարձրացնել մեր ներքին դիմադրողականության մակարդակը: Իսկ այս ողջ ընթացքում  մեզանից պահանջվում է առանձնահատուկ զգոնություն, ճկունություն, հեռատեսություն ու ռազմավարական համբերություն:

Որո՞նք են մեր պայքարի կարմիր գծերը:

Արցախում մեր ժողովուրդը պետք է ապրի ինքնիշխան, անվտանգ ու արժանապատիվ կյանքով, մենք պետք է ունենանք ինքնորոշման ու սեփական ճակատագիրը մեր հայրենիքում տնօրինելու երաշխավորված իրավունք, մինչև հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը ստատուս-քվոն պետք է անշեղորեն պահպանվի, իսկ խախտողները պետք է ենթարկվեն միջազգային ամենակոշտ արձագանքի ու պատասխանատվության, հանրային իշխանությունը պետք է իրականացվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով, Արցախի ներքին կյանքում ծագող հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես Արցախի օրենսդրության իրավակարգավորումների շրջանակում: Մեր պետական խորհրդանիշները ենթակա են պահպանման սրբությամբ ու ամենայն պատասխանատվությամբ:   

Ինչպե՞ս ենք տեսնում Ադրբեջանի և Արցախի միջև երկարատև հակամարտության և առնչվող խնդիրների կարգավորումը:

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման, սակայն մենք ունենք հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից ու պահանջմունքներից: Այդ համատեքստում, երկխոսության և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հիմնական հանգամանքները՝

ա. առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերը և հոգեբանական բռնության դրսևորումները, որպեսզի հնարավոր լինի քննարկել երկուստեք մտահոգող՝ գոյություն ունեցող հարցերը: Եթե առավել նեղ ու առօրեական հարցերը հնարավոր է քննարկել ու լուծումներ գտնել պարզ շփումների միջոցով, ապա առավել գլոբալ ու հակամարտության լուծմանն ուղղված հարցերի քննարկման համար կարևոր եմ համարում միջազգային հանրության մասնակցությունը՝ երկխոսության արդյունավետությունը և կողմերի շահերի պաշտպանվածությունն ապահովելու, այդ  ընթացքում ճնշումների ու հարկադրանքի հավանականությունը նվազեցնելու համար,   

բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության. նրանց մասնակցության միակ ձևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարտաճանաչ կատարումն է, որի ընթացքում Ադրբեջանը պետք է երաշխավորի երթևեկության անվտանգությունը, զերծ մնա խոչընդոտներ հարուցելուց, 

գ. պետք է երաշխավորել նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանից Արցախ եկող կենսական ենթակառուցվածքների անվտանգությունը և բնականոն աշխատանքը՝ լրիվությամբ վերականգնելով գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը և բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: Կարևոր է շեշտադրել, որ այդ ենթակառուցվածքների խափանման պատճառով, ինչպես նշեցի, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու հենց ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համար,

դ. մեր պաշտոնական երկխոսությունը կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարությունը: Իհարկե, ինչպես հետպատերազմյան շրջանում, հիմա էլ չենք բացառում ըստ կարիքի որոշակի դրվագային հաղորդակցությունը ադրբեջանական կողմի հետ հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դա չի կարող փոխարինել  հակամարտության քաղաքական հարցերի շուրջ երկխոսությանը,

ե. բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը,

զ. պետք է ապահովել Արցախի պատշաճ ներգրավվածությունը միջազգային հանրության մեջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների ներկայությունն Արցախում, ինչը կապահովի թե՛ անվտանգության, և թե՛ զարգացման կարևոր երաշխիքներ Արցախի ժողովրդի համար: Հատկանշական է, որ Արցախը աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը չունի ոչ մի միջազգային ներգրավվածություն, չի ստանում նույնիսկ միջազգային հումանիտար աջակցություն, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խիստ սահմանափակ առաքելությունից,

է. և՛ բուն երկխոսության, և՛ հակամարտության համապարփակ կարգավորման համար խիստ անհրաժեշտություն է, որ բացառվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որը պետք է երաշխավորված լինի անվտանգության միջազգային երաշխիքներով, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության բարձրացմամբ,

ը. Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ: Դա մեր ժողովրդի բնական ու հիմնարար իրավունքն է՝ ամրագրված նաև միջազգային հանրահայտ փաստաթղթերով,

թ. Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին: Սա կամակոր որոշում կամ դիրքորոշում չէ, այն հիմնված է բացառապես արցախահայության՝ սեփական հայրենիքում մեր ժողովրդի ինքնորոշման, անվտանգ ու ազատ ապրելու իրավունքից, բացարձակ հայատյացության վրա հիմնված ադրբեջանական համակարգային քաղաքականությամբ պայմանավորված գոյաբանական լրջագույն վտանգների կանխման անհրաժեշտությունից,

ժ. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումն ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում մեր կողմից անընդունելի է, քանի որ անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը:

Ի՞նչ կարող են անել Արցախի համար Հայաստանն ու Սփյուռքը:

Նախ, անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է փայփայել ու զորացնել, քանի որ դա մեր ազգային շահերից է բխում, և անթույլատրելի է այդ երեքից որևէ մեկին վերաբերվել որպես լրիվ առանձին կամ խանգարող միավորի: Այո, Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, օբյեկտիվ իրականությունից ելնելով Արցախը ձգտում է ինքնուրույն հանդես գալ սեփական խնդիրների լուծման հարցում և բարձրացնել միջազգային սուբյեկտայնության մակարդակը, սակայն առանց Հայաստանի և Սփյուռքի մշտական աջակցության և ուղեկցության Արցախը չի կարող հաջողել: Իսկ Արցախն էլ իր բաժին պատասխանատվությունն է ստանձնում համազգային շահերի պաշտպանության գործում:

Ի՞նչ է արվում անվտանգության ապահովման ուղղությամբ:

Զգալի աշխատանք կատարվել և կատարվում է անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու  համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը: Այս իրավունքը անքակտելիորեն մեզ ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանն ուղղված վտանգը:
Այնուամենայնիվ, մեր խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար: Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները: 

Թեև Ադրբեջանի հետ հակամարտությունը մեր գլխավոր մարտահրավերն է, որը բացասաբար է ազդում Արցախի ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա, այնուամենայնիվ, մեր ներքին հիմնախնդիրները նույնպես կարևոր նշանակություն ունեն ավելի ամուր ու զարգացած ապագա կերտելու ճանապարհին: Ավելին, դրանք ուղիղ կերպով անդրադառնում են նաև անվտանգային ու արտաքին քաղաքական հարցերի լուծման ջանքերի արդյունավետության վրա: 
Որո՞նք են ներքին կյանքում առաջնահերթ մարտահրավերներն ու անելիքները: 

Նախ պետք է արձանագրել, որ խորքային առումով Արցախի ապագայի հարցում միասնական դիրքորոշում է առկա ողջ հասարակության մեջ, այդ թվում՝ քաղաքական համակարգում: Սակայն խնդրահարույց է, որ տարբեր շահարկումների և բամբասանքների ազդեցությամբ այս թեմայով կեղծ ու անհիմն պառակտումներ են հրահրվում հասարակության մեջ, ընդ որում՝ ցավալի է, որ դա արվում է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլև՝ երբեմն հայկական շրջանակներից:
Փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը շատ կարևոր է ներսում: Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ներսում թշնամիներ չունենք, մենք ընտրել ենք մեր հայրենիքում ապրելու և պայքարելու արժանապատիվ ճանապարհը, և բոլորս պայքարի նույն շարքում ու դիրքում ենք գտնվում: Ուստի, ակնկալում ու պահանջում եմ, որ բոլորս վարվենք կուռ պայքարի տրամաբանությամբ՝ միասնական լինելով մեր նպատակների ու արժեքների շուրջ, ոչ թե՝ անձանց, այդ թվում՝ իմ, քանի որ մեր ներքին պառակտումների գլխավոր պատճառը սովորաբար լինում է անձնավորված մոտեցումների մեջ: 
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրի առջև ծառացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ, հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակվում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ:
Մենք պետք է ընդունենք, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված՝ ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ փոփոխվող պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների: Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ Արցախում ներքին անկայունությունը, ցնցումներն ու հակադրությունները լրջագույն վտանգ են ներկայացնում, կարող են էականորեն վնասել մեր շահերին, արտաքին ուժերի մոտ առաջացնել մոտեցումների, վերաբերմունքի ու տրամադրությունների փոփոխություն, որոնք կարող են անցանկալի հետևանքներ առաջացնել: Մենք որդեգրել ենք համընդհանուր ճանաչում ստացած՝ այլակարծությունը, խոսքի ազատությունը հարգելու քաղաքականությունը, նույնիսկ 44-օրյա աղետալի պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության հարցում ոչ միայն որևէ նահանջ չենք կատարել, այլև արտաքին լսարանից հաճախ նույնիսկ ստացել ենք դրական արձագանքներ: Հետևաբար, մենք պետք է փորձենք առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել և մեր երկրի հեղինակությանը, միջազգային վարկին և ներքին կայունության պահպանման անհրաժեշտությանը:  

Վերջին օրերին հանդիպել եմ Արցախում գործող կուսակցությունների, Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները: Արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների հայտարարությանը, հանդիպել եմ նրանց հետ, ընդունել եմ երկրի ներքին կյանքում առաջացած բևեռվածության, հասարակության պառակտվածության և հանրության շրջանում ապագայի հանդեպ հավատն ու հույսը ամրացնելու հրատապ անհրաժեշտության մասին պնդումները և դրանց վրա հիմնված՝ Արցախի Հանրապետության շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա հանրային-վերահսկողական առարկայացված լծակներ, խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Նախատեսում եմ այդ մարմնին մասնակից դարձնել անհամեմատ ավելի շատ հարցերի ու խնդիրների քննարկմանը՝ ոչ միայն որպես խորհրդատվություն կամ առաջարկություն ներկայացնողի, այլև տարբեր գործընթացներում որպես անմիջական մասնակցողների: Մենք պետք է մեր ժողովրդին լիարժեքորեն համոզենք, որ, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, թիկունքում ոչ մի հարց չի քննարկվելու, և Արցախի ու արցախահայության ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու: Առաջիկա օրերին մեկնարկելու են այդ գաղափարի իրագործման աշխատանքները: Խորհրդատվական այս մարմնի ստեղծման մասին իմ նախորդ հայտարարությունից հետո հնչել են տարբեր տեսակետներ, բարձրաձայնվել են մտահոգություններ իբր Սահմանադրական մարմինների լիազորությունները կրճատելու, այլ մարմիններին փոխանցելու անթույլատրելիության մասին, ոմանք նույնիսկ սկսել են թիրախավորել նախաձեռնող խմբին: Իրականում, սակայն, խոսքը և նախաձեռնությունը ոչ թե պետական մարմինների լիազորությունների կրճատման մասին է, այլ հակառակը՝ դրանց իրացումը  վերահսկողության տակ պահելու: Եթե հանրային իշխանությունների մոտ արդեն կա նման հակադրություն ստեղծվելիք խորհրդատվական մարմնի առնչությամբ, նշանակում է՝ հանրության՝ ի դեմս նախաձեռնող խմբի պահանջն այդ առումով ամբողջությամբ հիմնավոր ու արդարացված է, նշանակում է՝ ճիշտ ճանապարհին ենք, և ստեղծվելիք մարմինը ունակ է լինելու ծառայել որպես բավարար զսպող ուժ:     

Մեր անհամերաշխությունը, պառակտվածությունը, միմյանց նկատմամբ թշնամանքն ու ատելությունը, անձնականը պետականից գերադասելու մոտեցումները և այս ամենի համադրության մեջ ձևավորված ներքին կյանքի մթնոլորտը ուղղակի նվեր է մեր հակառակորդներին՝ մեզ նվաճելու իրենց ծրագիրն իրագործելու գործում: Ամեն անգամ տարբեր իրավիճակներում համոզվում ենք, որ ընդամենը մի քանի հոգու ջանքերի մեկտեղումը ինչպիսի մեծ արդյունքներ է ապահովում ոչ միայն ներսում, այլև միջազգային հարթակներում: Եկեք համախմբենք ու նորից զգանք անհաղթելի լինելու զգացումը: 

Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ ես ջանք ու եռանդ չեմ խնայելու, անելու եմ հնարավորն ու անհնարինը Արցախում ներքին համերաշխությունն ու միասնականությունն իրականություն դարձնելու համար, և առաջիկա բոլոր քայլերս ուղղված են լինելու առաջնահերթ հենց դրան: Սրանք լոկ խոսքեր չեն, բոլորս պետք է փոխվենք, այդ թվում՝ ես, և իմ առաջիկա քայլերը համոզիչ կերպով դառնալու են այս խոսքերի ու հայտարարությունների գործնական արտահայտությունը:
Վերջին օրերին նախաձեռնված սահմանադրական բարեփոփոխումները դարձել են բուռն քննարկման առարկա. ոմանք քննադատում են, ոմանք ծայրահեղականացնում, ոմանք կարևորում ու նշանակություն են տալիս: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի մեր երկրի ներքին կայունությունն ապահովելուն, կանխատեսվող վտանգներին դիմագրավելուն: Ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ Արցախում որևէ մեկի կամ որևէ խմբի, կամ ուժի շահերը սպասարկելու համար սահմանադրական փոփոխություն չի կատարվելու. դա բացառվում է: Մենք սահմանադրական փոփոխություններ անելու ենք, եթե իրապես զգանք դրա հրատապությունը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: 

Ներպետական կյանքում մենք շարունակում ենք լրջագույն խնդիրների բախվել սոցիալական արդարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների լիարժեք իրագործման հարցում: Իհարկե, բազմաթիվ են դեպքերը, երբ անարդարության կամ անհավասարության մասին հայտարարությունները չունեն օբյեկտիվ հենք կամ մտացածին են, ներկայացվում են քաղաքական կամ այլ նկատառումներով, բայց սա ևս պետության ու մեր բոլորիս խնդիրն է: Մյուս կողմից, երբ անարդարության դրսևորումները շատ են, դրանց մեջ դժվար է տարանջատել օբյեկտիվն ու սուբյեկտիվը, իրականն ու կեղծը: Հետևաբար, առաջիկայում մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որ արդարության, իրավունքի գերակայության ու օրենքի առջև բոլորի հավասարության իրավական սկզբունքները կյանքի կոչվեն՝ ոչ թե լսելու համար հաճելի հայտարարությունների տեսքով, այլ ունենան գործնական ու շոշափելի արտահայտություն: 

Այս ամենն իրականություն դարձնելու համար առանձնահատուկ նշանակություն ունի պետական համակարգում կարգապահությունը, աշխատանքի ռացիոնալ կազմակերպումը, պետական իշխանություն-քաղաքացի առողջ ու վստահելի կապը, աշխատանքին նվիրվածությունն ու արդյունքը:  

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում Արցախի հետ կապված ամենաքննարկվող թեման դարձել էր իմ և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները, վերջինիս՝ պետական նախարարի պաշտոնում գտնվելը, պաշտոնից ազատելու շուրջ լուրերը: Հերթական անգամ մենք ականատես եղանք, որ մեզանում կան մարդիկ և ուժեր, որոնք իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու, կողքինների նկատմամբ անձնական ատելությունն ու թշնամանքը ցուցադրելու համար ունակ են մինչև անգամ խորտակելու սեփական երկիրը, ոտնատակ տալու մեր ժողովրդի շահերը: Այս չակերտավոր պայքարում նման մարդիկ և ուժերը ունեն առավելություն այն առումով, որ իրենք կարող են բավարարել սեփական ցանկությունները պետությանը, մեր ժողովրդին վնասելու հաշվին, մինչդեռ մենք, նկատի ունեմ, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, չունենք նման քայլերի դիմելու բարոյական և իրավական հնարավորություն: Նման պահվածք, դժբախտաբար, կարող են ցուցաբերել շատերը, բայց ոչ երբեք՝ Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը իմ ամենամտերիմ ընկերներից է, այն բացառիկներից, ով որոշեց Արցախ տեղափոխվել ու այստեղ ապրել մեր ժողովրդի համար ամենադժվար ու ամենաօրհասական պահին: Լուրը ինձ համար ցնցող էր, և այդ որոշման մասին անձամբ Ռուբեն Վարդանյանից լսելուց հետո անմիջապես առաջարկեցի ներգրավվել պետական համակարգում՝ պետական նախարարի պաշտոնում: Ճանաչելով Ռուբեն Վարդանյանին՝ համոզված էի, որ նա վայրկյան անգամ չէր տատանվի այդ պատասխանատվությունն ստանձնելու առաջարկիս շուրջ: Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից:

Մեր ժողովուրդը համառորեն համախմբվեց և ընտրեց մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձությունները արժանապատվորեն և բաց ճակատով հաղթահարելու ճանապարհը: Ես հիմա ուզում եմ հրապարակայնորեն ասել, որ այդ պայքարը նաև հանուն մեզ համար մեծ արժեք ներկայացնող Ռուբեն Վարդանյան անձի էր: Մտքիս դիտավորյալ խեղաթյուրումն ու կեղծ մեկնաբանությունները բացառելու համար պետք է շեշտեմ, որ մեր պայքարը սկսելու պահից Ռուբեն Վարդանյանն իր մեջ և իր դեմքում այլևս ամփոփում էր Արցախը և մեզանից յուրաքանչյուրին, իսկ արցախցուն հատուկ չէ ինքն իրեն կամ ընկերոջը դավաճանելը:

Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես առավելագույն չափով ձգտել է կիսել պատասխանատվությունն ինձ հետ և ոչ թե սահմանադրական նորմերի վրա հղում անելով՝ փորձել բարդել ինձ վրա: Բայց, մյուս կողմից, նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված իրավիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին:

Այս ողջ ընթացքում ես մշտապես քննարկում, գնահատում և վերլուծության էի ենթարկում այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն են ունեցել ու լրացուցիչ ձևավորվել են Արցախի շրջափակումից հետո, հետևել եմ Արցախի և Հարավային Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ և դրանց մասին իրազեկել եմ նաև Ռուբեն Վարդանյանին, ունեցել ենք համատեղ քննարկումներ: Թեև մեր հետագա քայլերի ու ճանապարհի կառուցման ձևի վերաբերյալ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ ուրույն տարբերակ, այդուհանդերձ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել իմ դիրքորոշմանը, ընդունելով, որ ամեն դեպքում իրավիճակին ամենախորը տիրապետում եմ ես, ի պաշտոնե տեղեկացված եմ առավելագույն չափով և տեղեկատվության համակողմանի ու խորը գնահատականները առավել ամբողջական կարող են տրվել իմ կողմից: 

Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Օրեր շարունակ այս թեման շրջանառվում էր մամուլում՝ ամենատարբեր մեկնաբանությունների զուգորդմամբ: Ոմանք մտահոգվում էին Ռուբեն Վարդանյանի համար, ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես: Ասեմ նաև, որ ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում: Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկը արել եմ իմ նախաձեռնությամբ, այն հավանության էր արժանացել Արցախի ժողովրդի կողմից, նման որոշում կայացնելու ժամանակ գիտակցել եմ Ադրբեջանում և այլ տեղերում խնդիրների ծագման հավանականությունն ու հնարավորությունը, բայց ոչ ոք ինձ չէր խանգարել ու չէր կարող խանգարել նման որոշում կայացնելու համար: 

Ինչ վերաբերում է մեր ժողովրդի պայքարին, ապա այն երեկ չի սկսվել, և այս առումով մեր պայքարը չի կարելի անձնավորել: Մեր պայքարը ունի դարերի պատմություն, այն երբեք ինձանով, Ռուբեն Վարդանյանով կամ ուրիշներով պայմանավորված չի եղել: Այդ պայքարը կա և լինելու է՝ անկախ մեզանից: Մեր ժողովրդի պայքարը անկոտրում է: 

Վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը: Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած կազմակերպությունների հետ, քանի որ նա հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար: 

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կուրսի շուրջ իմ ու Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին, ապա նշեմ, որ երկուսիս ռազմավարական նպատակն Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսս էլ ունենք նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը: 

Կուզեի ընդգծել նաև, որ այս հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ ու բանավեճեր ենք ունենում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմով: Ինձ համար մի բան միանշանակ է, որ Արցախում չկա մի պաշտոնյա, որը որևէ կերպ շեղվող մոտեցում ունենա մեր ռազմավարական նպատակներից և Արցախը տեսնի Ադրբեջանի կազմում: Ուստի, խիստ անընդունելի են շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դադարեցման և այլ հարցերի շուրջ, դրանք դավաճանական հարվածներ են հենց Արցախի ժողովրդին: Ես վստահ եմ, որ անկախ իշխանությունում գտնվող անձերից՝ Արցախի ժողովուրդը չի կարող դադարեցնել իր պայքարը՝ հանուն սեփական հողում իր իրավունքների ու արժանապատվության: Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար: Իսկ մարտավարական հարցերում բանավեճի գլխավոր դատավորը ժամանակն է:

Մյուս կողմից, պետք է գիտակցել, որ շատ հեշտ է պաշտոնական պատասխանատվություն չունեցող և այսբերգի միայն արտաքին մասը տեսնող մարդկանց համար պարզապես քննադատել և առերևույթ «խելամիտ» խորհուրդներ տալ: Այնինչ, իրականությունը շատ ավելի բարդ է, և անհրաժեշտ է զգուշավոր ու հետևողական աշխատանքով մեր վիրավոր նավը հանել ալեկոծություններից ու հասցնել փարոսին: Եվ այդ առումով, որքան էլ կարևոր է հանրության հետ բաց ու անկեղծ երկխոսությունը, միևնույն է՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ամեն ինչ հնարավոր չէ հրապարակային ներկայացնել, քանի որ մեզ միայն մենք չենք լսում, այլև՝ հակառակորդը, որը հաշվի է առնում ամեն մի տվյալ ու հանգամանք մեզ էլ ավելի թուլացնելու ջանքերում:

Տեղեկացնեմ նաև, որ ես առաջարկել եմ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի:

Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Աշխատանքի բնույթով  պայմանավորված՝ պարոն Ներսիսյանի կողմից ի նպաստ Արցախի կատարված բազմաթիվ աշխատանքներ չեն բարձրաձայնվում, դրանց մասին տեղեկացված են շատ սահմանափակ մարդիկ, համոզված եմ, մի օր հանրությունը նույնպես այդ ամենի մասին կտեղեկանա և կիրազեկվի, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել դատախազության կողմից վերջին երկու տարում՝ Գուրգեն Ներսիսյանի ղեկավարությամբ: 

Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության: Ինչպես պարոն Վարդանյանի պարագայում, պարոն Ներսիսյանը նույնպես իմ կողմից ստանալու է լայն լիազորություններ և ազատություն իր համակարգման ոլորտում որոշումների կայացման համար, այդ թվում՝ կադրային հարցերում: Բնականաբար, ինչպես առ այսօր, կարևոր որոշումները կայացվելու են Անվտանգության խորհրդի և կառավարության կազմերով կոլեգիալ քննարկումների արդյունքում՝ հնարավորինս ապահովելով նաև հանրության ներառական մասնակցությունն այդ գործընթացում:

Ինչպե՞ս շարունակել պայքարը և ի՞նչ դերակատարություն ունի Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:

Սա վերջին, բայցև ամենակարևոր հարցն է: Մեզնից յուրաքանչյուրից կախված շատ բան կա Արցախի ավելի լավ ապագայի կերտման գործում, և խիստ անընդունելի ու վտանգավոր է հակառակորդի կողմից տարածվող անօգնականության ու անտարբերության մտայնությունը: Արցախի ապագայի վրա ազդող գլխավոր գործոնը մնում է Արցախի ժողովրդի կամքն ու վարքը, որը կոտրելու ուղղությամբ էլ հնարավորինս աշխատում է ադրբեջանական կողմը՝ կիրառելով ֆիզիկական ու հոգեբանական ճնշման հանցավոր ու լայն գործիքակազմ:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի առնվազն երկու հստակ անելիք Արցախի ապագայի համար, այն է՝ ապրել Արցախում և ամենօրյա սրտացավ, նախաձեռնող ու շարունակաբար բարելավվող աշխատանք կատարել սեփական դիրքում՝ զինվորականից մինչև ուսուցիչ, հողագործից մինչև հանրային ծառայող: Ոքան էլ դժվար թվա պայքարը, միևնույն է՝ լուծումներ կան և դրանից փախչելը փախուստ է սեփական արժեքներից ու պատասխանատվությունից: Իսկ պետությունը, առավել քան երբևէ, բոլոր հնարավորություններով կանգնած է լինելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին՝ կիսելով պայքարի ու պատասխանատվության պատվաբեր բեռը:
Հետևաբար, մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում»:

Նմանատիպ նյութեր