211652_close_icon
views-count1889 դիտում article-date 15:25 04-11-2022

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը:

Ներկայացնելով նոր պետական նախարարին՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել  է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվում էր մեր կողքին ու դրանից հետո սկսել է «Ավրորան Արցախին»  ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: Նախագահի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը  հայրենիքին, հավատը, ուժը, եռանդը, մյուսներին  դրանցով վարակելու  և գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը մեզ համար հիմա չափազանց  կարևոր են: Իսկ նրա փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում մեզ պարզապես անհրաժեշտ են:

«Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի  մարդկանց պետք է առավելագույնս աջակցել՝ Հայրենիքին ծառայելու հարցում», - ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է Նախագահի, կառավարության,  խորհրդարանի և Արցախի ողջ  ժողովրդի  աջակցությունը: «Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու», - եզրափակեց իր խոսքը ԱՀ Նախագահը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն  է հայտնել պետությանն ու ժողովրդին ծառայելու իրեն ընձեռնված հնարավորության համար: «Հիմա շատ մեծ մարտահրավերներ, խնդիրներ ունենք՝ և՛ երկար ժամանակ կուտակված, և՛ այս ճգնաժամով պայմանավորված: Ես իրոք լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Ես և մեր մյուս գործընկերները պատրաստ ենք կանգնել պարոն Վարդանյանի կողքին, որպեսզի համատեղ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ արձանագրենք»,- նշել  է նա։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ  իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը: 

«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա  մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար,  կնշանակի մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։

Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ չնայած այս ծանր իրավիճակին, մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր