211652_close_icon
views-count79492 դիտում article-date 16:37 24-02-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ պաշտպանության նախարարության մոտ բախվել են BMW-ն ու Infiniti-ն․ վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Դուրյան փողոցում, ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, բախվել են BMW և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ․ Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Տեղում տարածքը սահմանազատել են և ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանը, պարեկներ Լուսինե Պետրոսյանն ու Ռիփսիմե Ստամբուլյանը, քանի որ ճանապարհը վթարի հետևանքով դարձել է անանցանելի, ամբողջությամբ փակ է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Infiniti-ն գլխիվայր շրջվել է։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Հայրապետ Ղազարյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Infiniti-ի գազաբալոնը և պարեկների ու քաղաքացիների օգնությամբ՝ գլխիվայր շրջված Infiniti-ն դարձի են բերել։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային բաժնի ավագ մասնագետ Միքայել Սարգսյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր