211652_close_icon
views-count979 դիտում article-date 11:35 25-02-2023

Հասկանալ հիվանդությունը, ոչ թե ախտանիշը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ մարդու օրգանիզմը թունավորված է, նրա մարմնի վրա կարող է ցան առաջանալ կամ չիբան: Այդ չիբաններին ողջ ուշադրությունն ուղղելը՝ առանց պարզելու, թե որն է այն թույնը, որով վարակվել է օրգանիզմը, նշանակում է պայքարել հետեւանքների, ոչ թե պատճառների դեմ: Կարելի է դիմափոշի քսել կամ նույնիսկ փոքրիկ վիրահատական միջամտություն անել, բայց հիվանդությունը դա չի բուժի: Որտեղի՞ց է հայտնվել Վլադիմիր Պուտինի նման ղեկավարը, որը տասնյակ հազարներով զոհում է այլ երկրի եւ իր սեփական քաղաքացիներին՝ վարելով անիմաստ պատերազմ, որը մեծ հաշվով Ռուսաստանին որեւէ դրական հեռանկար չի խոստանում: Եթե հարցին մոտենաս զուտ անհատի առանձնահատկությունների առումով՝ ոչինչ չես հասկանա:

Դուք կարո՞ղ եք ասել, որ աշխարհում ամեն ինչ լավ կլիներ, եթե 23 տարի առաջ Պուտինն իշխանության չգար եւ Վրաստանի, իսկ այնուհետեւ Ուկրաինայի վրա չհարձակվեր: Խիստ կասկածում եմ: Պատերազմներն ախտանիշ են բազմաթիվ այլ՝ ավելի խորքային երեւույթների: Եթե փորձենք շատ կարճ նկարագրել դրանցից ամենակարեւորը, ապա դա 1990-ականներից հետո ազատական նախագծի տապալումն է եւ գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզումը: Հենց դրա հետեւանքով են վերաթարմացվում «Երրորդ Հռոմի» եւ կայսրության «հողերը հավաքելու» խելահեղ գաղափարները:

Նման ձեւով նույն 90-ականներին պաշտոնական աթեիզմը «վերացնելուց» հետո սկսեցին զարգանալ ամենատարաշխարհիկ աղանդները: Թե ինչո՞ւ է աշխարհակարգի «ազատական» նախագիծը տապալվել, ես ունեմ իմ բացատրությունը, որը կապված է մի քանի դար առաջ թույլ տրված համակարգային սխալի հետ, բայց այդ խոսակցությունը մեզ շատ հեռուն կտանի:

Որտեղի՞ց են Հայաստանում իշխանության գլխին հայտնվել մարդիկ, որոնք, բացի ամբախ-զամբախ խոսելուց, որեւէ այլ՝ պետական կառավարման համար անհրաժեշտ շնորհքներով օժտված չեն: Դարձյալ՝ եթե կենտրոնանանք այդ մարդկանց առանձնահատկությունների վրա, ոչինչ չենք կարողանա բացատրել: Պետք է հասկանալ, որ դա հասարակության ներքին հիվանդության դրսեւորումն է: Այդ հիվանդության անունն է անհավատություն, նիհիլիզմ, ցինիզմ: Եվ պատճառն էլ է պարզ՝ դարձյալ նախագծի տապալումը, այս դեպքում՝ ազգայնական: Երբ իշխանավորները խոսում էին «հանուն հայրենի հողի զոհողությունների», բայց իրենք անձամբ ոչ մի զոհողության պատրաստ չէին, հակառակը՝ իրենց ամբարտավան էին պահում եւ շվայտ կյանքով էին ապրում, ապա հակազդեցությունը՝ «ցանը» կամ «չիբանը» անխուսափելի է: 

Կարծեմ, Տոլստոյն է ասել, որ ցանկացած համոզմունք, ցանկացած գաղափար արժե ուղիղ այնքան, որքան մարդը պատրաստ է հանուն դրա գնալ զոհողության: Ինչի՞ է ընդունակ մարդը՝ հանուն գաղափարի՝ մեկ օր չճաշե՞լ, դուրս գալ հանրահավաքի՞, բա՞նտ նստել, զոհվե՞լ: Հենց դրանով էլ պայմանավորված է ոչ միայն գաղափարի արժեքը, այլեւ դրա կենսունակությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր