211652_close_icon
views-count892 դիտում article-date 13:37 28-02-2023

ԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու C5+1 ձևաչափով հանդիպմանը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած գիշեր իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Աստանա, որտեղ հանդիպում կունենա Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Աստանայում գտնվելու ընթացքում պետքարտուղարին կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը. Բլինքենը բանակցություններ կվարի նաև հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ:

Բացի այդ, երեքշաբթի օրը Բլինքենի մասնակցությամբ տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը C5+1 ձևաչափով։ Օրակարգում են Վաշինգտոնի հետ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության հետագա զարգացման հարցերը։ Ղազախստանից հետո ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը կուղևորվի Տաշքենդ, որտեղ հանդիպում կունենա Ուզբեկստանի պաշտոնատար անձանց հետ։

Մարտի 1-ին Բլինքենը կմեկնի Նյու Դելի. այնտեղ նա կմասնակցի Մեծ 20-յակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ C5+1 ձևաչափն իրենից ներկայացնում Է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) և Միացյալ Նահանգների միջև փոխգործակցության բազմակողմ մեխանիզմ: Այն ստեղծվել է 2015 թ.-ին տնտեսության, բնապահպանության և անվտանգության ոլորտներում առկա տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար։

Նմանատիպ նյութեր