211652_close_icon
views-count835 դիտում article-date 16:34 01-03-2023

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին փետրվարի 28-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով անարգել երթեւեկությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման համաձայն։ 

«Որոշումը պարտադիր է Ադրբեջանի համար եւ այն պետք է հարգել»,-նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու երկրների միջեւ անվտանգության հարցերին եւ շփումներին: Կատրին Կոլոննան կարեւորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում։

«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսությունը։ Մենք ԵՄ եւ ԱՄՆ գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել։ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը եւ վերականգնի ազատ տեղաշարժը, ինչպես դա պահանջել է Միջազգային դատարանը»,-հայտարարել է նախարարը։

Ավելի ուշ նա Twitter-ում գրառում է կատարել․ «Լաչինի միջանցքի ապաշրջափակումը առաջնային խնդիր է: Ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց որեւէ հետաձգման։ Դա Ադրբեջանի պարտավորությունն է, իրավունքը պետք է պահպանվի»։

Նմանատիպ նյութեր