211652_close_icon
views-count997 դիտում article-date 20:26 03-03-2023

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվեց ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության հարցեր։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրամայականը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր