211652_close_icon
views-count1105 դիտում article-date 11:09 04-03-2023

Պարզ չէ, թե ով է Հայաստանից պահանջում «գերկառուցողական» դիրքորոշում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունները, բնականաբար, անսահման լավատեսության հիմք չեն տալիս: Պատճառները երկուսն են. ա/ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ընդունելն ամենեւին չի նշանակում Ադրբեջանի կազմից դուրս գալ, բ/ Գերմանիան լծակներ չունի «գետնի վրա» իրավիճակը փոխելու:

Բայց եկեք խնդրին նայենք նախ՝ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի իշխանությունների տեսանկյուններից: Ալիեւի համար գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղ», եւ առավել եւս՝ այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանական քարոզչությունը գերադասում է խոսել «Ղարաբաղի տնտեսական շրջանում ապրող հայերի՝ Ադրբեջանին ինտեգրման» մասին եւ Արցախի իշխանությունների հետ ցանկացած շփում ներկայացվում է որպես այդ ինտեգրմանն ուղղված քայլ:

Զարմանալիորեն, Հայաստանի իշխանությունների մոտ այդ մոտեցումն առանձին առարկությունների չի հանդիպում, ինչպես նաեւ, ի դեպ, բողոք չի առաջացնում Գորիս-Կապան ճանապարհի փակումը, նաեւ, այսպես կոչված «անկլավները» հանձնելու եւ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու «պահանջը»:

Այնքան էլ պարզ չէ, թե ով է Հայաստանից պահանջում այդպիսի «գերկառուցողական» դիրքորոշում: Մասնավորապես, եթե Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Փաշինյանը, պարզապես երկրորդելով Շոլցին, ասեր, որ՝ այո, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ունեն ինքնորոշման իրավունք, ապա դժվար թե որեւէ երկրի, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, կամ որեւէ միջազգային կառույցի համար դա անընդունելի լիներ:

Եթե մինչ օրս անիմաստ զիջողական դիրքորոշումն ինչ-որ շոշափելի արդյունքներ տար, օրինակ, բացվեր Բերձորի միջանցքը, ապա կարելի էր մտածել այդ դիրքորոշման արդարացված լինելու մասին: Բայց, կարծես թե, ակնհայտ է, որ մեր նոր զիջումներն առաջ են բերում Ադրբեջանի նոր պահանջներ:

Մի տարօրինակ միտք էլ հնչեց Բեռլինում. Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում է Ադրբեջանը: Ինձ թվում է, դա այդպես չէ: Ադրբեջանի բոլոր ագրեսիվ քայլերի հետեւում կանգնած է հենց Թուրքիան»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր